Արցախի պետնախարարն ու այլ պաշտոնյաներ կհանդիպեն Ալեքսանդր Լենցովի հետ
14 Հուլիսի 2023, 14:46
Արցախի մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ պետնախարար Գուրգեն Ներսիյանը, կհանդիպեն ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ալեքսանդր Լենցովիհետ, որից հետո հանդիպման արդյունքները կներկայացնեն արցախցիներին: Այս մասին Իվանյան բնակավայրում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության շտաբի մոտ քիչ առաջ հայտարարարեց Արցախի պետնախարարը:
Նա կոչ արեց ռուսական խաղաղապահ առաքելության նստավայրի դիմաց վրաններ տեղադրել. «Կարծում եմ՝ այլեւս որեւէ տարբերություն չկա մենք սոցիալական, կենցաղային, սննդի, վառելիքի հետ կապված խնդիրներով այստեղ ենք, թե Ստեփանակերտում: Մեր հանդիպումն ավարտելուց հետո ես կներկայացնեմ դրա արդյունքները»:
Հիշեցնենք, որ արցախցիներն այսօր առավոտյան համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առավոտյան մեկնարկած հանրահավաքի ժամանակ նրանք միջազգային հանրությունից պահանջեցին քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ:
Երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձով հայտարարեց անժամկետ շարժում սկսելու մասին եւ, դիմելով արցախցիներին, ասաց` մենք զիջելու, լքելու Արցախ չունենք։ Պետնախարարը կոչ արեց առավոտյան ժամը իննին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: