Եթե անհրաժեշտություն լինի՝ Արցախի իշխանությունն էլ կմասնակցի դեպի Հակարի կամուրջ ավտոերթին. պատգամավոր

03 Օգոստոսի 2023, 14:15

Քաղաքականություն

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ իշխանությունը չի կազմակերպել դեպի Հակարիի կամուրջ ավտոերթը, այլ անելանելի վիճակից դրդված քաղաքացիներն են նախաձեռնել այն:

«Հունիսի 15-ից Արցախն ամբողջական պաշարման մեջ է, որեւէ հումանիտար բեռ չի մտնում Արցախ, շատ լուրջ խնդիրներ են առաջացել, ներսի պաշարները սպառման եզրին են, դրա համար էլ, մի քանի օր է՝ հայտարարվել է այդ նախաձեռնության մասին: Երեկ նախապատրաստական որոշակի աշխատանքներ են արվել ու, եթե օրերի ընթացքում որեւէ լուծում չստանա գոնե հումանիտառ բեռների տեղափոխումը, նոր արդեն հնարավոր է՝ ակցիան տեղի ունենա»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արցախի իշխող ուժի պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանված ավտոբուսներն ու վառելիքը, որով նախատեսվում է երթ իրականացնել Հակարիի կամուրջ, տրամադրել է մասնավոր ընկերությունը:

Արթուր Հարությունյանն ընդգծեց, որ եթե անհրաժեշտություն լինի՝ իշխանությունն է՛լ կմասնակցի այդ ավտոերթին, որովհետեւ Արցախում ստեղծված վիճակը բոլորին է վերաբերում:

Հիշեցնենք՝ նախօրեին Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումն ավտոբուսներով խաղաղ երթ էր նախաձեռնել դեպի Հակարիի կամուրջ։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծաքանակ թվով ավտոբուսների էին կայանվել, որոնք ըստ շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանի՝ պետք է ուղեւորվեին Հակարիի կամուրջ:

Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրելով ավտոբուսները՝ հայտարարել էր, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանը պետք է իրականացն նաեւ Հաագայի դատարանի որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Օսիպյանը շեշտել էր, թե այդ ակցիան կապ չունի Արցախի իշխանությունների հետ, բայց խոստովանել էր, որ ավտոբուսները տրամադրվել են նրանց կողմից:

«Այս ակցիան որեւէ կապ չունի իշխանության հետ, ուրիշ բան, որ պետությունը պետք է որոշ միջոցներ տրամադրի ու տրամադրում է, ոնց տեսնում եք, բայց սա դեռ քիչ է, այնպես չէ, որ էսքան ավտոբուսները հերիք են, որ մեր երթը կազմակերպենք: Իրականում ավտոբուսների պակասությունը չի, այլ նակլեյկաների պակասությունն է, որովհետեւ էլ չկա: Իշխանությունն այլ տարբերակ չի ներկայացնում այս ճգնաժամից դուրս գալու համար»,- ասել էր Արթուր Օսիպյանն ու հավելել, որ «իշխանություններից հիմա երկու բան է կախված՝ միջոցներ տրամադրել ու չխանգարել»:

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման կազմակերպած ակցիան դեռ տեղի չի ունեցել: Արթուր Օսիպյանը բացատրել է, որ այդ մեծ երթը կազմակերպելու համար անհրաժեշտ է ժամանակ ու մարդկային ռեսուրս:

Մանրամասները՝ տեսանյութում: