Եթե այսպես շարունակվի, կարող է վաղը հայրենիք չունենանք․ պայքարին ՌԴ-ից միացած Նարեկ Ենգիբարյան
07 Մայիսի 2024, 22:30
Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով երթը շարունակվում է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր Կոտայքի մարզի Սոլակ գյուղից շարժվել է դեպի Չարենցավան քաղաք:
Alpha News-ի նկարահանող խումբը երթը լուսաբանել է տեղում և զրուցել քաղաքացիների հետ Տավուշից սկիզբ առած պայքարի նպատակների մասին:
Պայքարին ՌԴ-ից միացած Նարեկ Ենգիբարյանի վախը մեկն է՝ կարող է վաղը արթնանալ ու իմանալ, որ հայրենիք էլ չունի։ Թեև նա ժամանակավոր բնակվում է արտերկրում, սակայն ընտանիքը Հայաստանում է։
«Եթե այսպես շարունակվի, կարող է էլ հայրենիք չունենանք։ Դրա համար էլ եկել ու միացել եմ շարժմանը։ Ես չեմ ուզում հորս գերեզմանը թողնել ու ընտանիքիս հետ պանդուխտ դառնալ։ Ուզում եմ մինչև կյանքիս վերջ իմ հողում ապրել, ուզում եմ երեխաներս այստեղ մեծանան ու դաստիարակվեն որպես հայ, ոչ թե գնանք ուրիշ ազգերի մեջ ձուլվենք»,- նշել է նա։
Նարեկն ընդգծել է՝ այս պահին երկրում ազգադավ գործողություններ են տեղի ունենում, բայց դրանք պետք է կանգնեցնել։
«Այն ինչ կատարվում է մեր երկրում, ինձ դուր չի գալիս։ Այս պահին ազգադավ գործողություններ են տեղի ունենում, իրական հայը չի կարող իր տարածքները նվիրել թշնամուն։ Մենք օր օրի փոքրանում ենք, բայց ինչի՞ դիմաց։ Ես պատրաստ եմ իմ հայրենիքի համար զենք վերցնել, գնալ պաշտպանել իմ հողերը, բայց այն ժամանակ, երբ այս իշխանությունը հեռանա»,- նշել է նա։