Եթե ճիշտ տվյալներ մուտքագրվեին, պետք է վերաքվեարկություն նշանակվեր․ Էլինար Վարդանյան
01 Հուլիսի 2026, 18:05
Սահմանադրական դատարանում ընտրական արդյունքների վիճարկման գործով դատաքննության ավարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործելաոճին, տվյալների մուտքագրման խնդիրներին և ընտրական շեմի հաղթահարմանը։
Նա ընդգծել է, որ հանձնաժողովն ամեն կերպ շրջանցում է պարզ իրողությունները, որոնց դեպքում պետք է նշանակվեր վերաքվեարկություն։
Էլինար Վարդանյանի պնդմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո տվյալների սխալ մուտքագրման պատճառով է հայտարարվել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։
«Ի՞նչ է ստացվում. հունիսի 7-ի ընտրություններից հետո տվյալները սխալ մուտքագրելու արդյունքում նախնական արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարվում է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4%-ի շեմը, մինչդեռ դա պարզապես իրենց կողմից սխալ թվերի ներմուծման հետևանք է։ Հիմա, եթե նախնական արդյունքների արձանագրության մեջ ֆիքսվեր, որ կուսակցությունը հաղթահարել է 4% շեմը, այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պետք է նշանակեր վերաքվեարկություն։ Իհարկե, պետք է նշանակեր։ Հետևաբար, ստացվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, իմ գնահատմամբ, դիտավորյալ չի ներմուծել ճիշտ տվյալները, որպեսզի հետագայում մանևրելու հնարավորություն ունենա»,- նշել է նա։