Եթե Հայաստանին Գյումրիում ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք նույնիսկ վաղը կհեռանանք․ Պուտին

02 Սեպտեմբերի 2026, 00:43

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու հայ ժողովուրդը կապված են խոր պատմական արմատներով և բարեկամական կապերով։ Միաժամանակ Պուտինը ընդգծել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ Եվրամիության (ԵՄ), և՛ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում։ Եթե Երևանը որոշել է շարժվել ԵՄ-ի ուղղությամբ, դա նրա ինքնիշխան որոշումն է, սակայն միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում գտնվել հնարավոր չէ։

Պուտինը նաև ընդգծել է․ «Չեմ ուզում փորփրել ոչ վաղ անցյալը, բայց ամեն ինչ սկսվեց Ղարաբաղից, երբ հայկական կողմը ճանաչեց այն Ադրբեջանի կազմում»։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը Հայաստանի համար նաև դրական կողմեր ունի․ հնարավոր է շրջել էջը, ապաշրջափակել ենթակառուցվածքները և բացել սահմանները ներդրումների համար։ Պուտինը նաև նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստանում է զգալի արտոնություններ, այդ թվում՝ էներգակիրների արտոնյալ գներ։

Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարցին՝ նախագահը հայտարարել է․ «Եթե Հայաստանը կարծում է, որ իրեն ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք նույնիսկ վաղը կհեռանանք։ Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան»։

Ելույթի ավարտին Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին առնչվող հարցերի շուրջ երկխոսությունը շարունակել հանգիստ մթնոլորտում։

Նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ անկեղծ և կառուցողական քննարկումը շարունակելու համար։