Եթե Հայաստանում շարունակվեն ՌԴ քաղաքացիների ձերբակալությունները, կարող են սահմանափակվել զբոսաշրջային այցերը․ Մատվիենկո
06 Օգոստոսի 2026, 19:49
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, Մոսկվան կարող է միջոցներ ձեռնարկել՝ ռուսաստանցի զբոսաշրջիկներին Հայաստան այցելելուց հետ պահելու ուղղությամբ։
Մատվիենկոն, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել է, որ դրանք ներկայում, իր գնահատմամբ, «միակողմանի երթևեկությամբ փողոց» են հիշեցնում։
«Երևանից հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն այդ խոսքերը հաճախ չեն համապատասխանում կոնկրետ քայլերին»,– ասել է Դաշնության խորհրդի նախագահը։
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացվող ձերբակալությունների հարցը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է երրորդ երկրների հարցումներով իրականացվող դեպքերին։
Հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերականգնումը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել առաջիկայում։
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։