Եթե Հայաստանը նավթ ունենար, Արցախը կլիներ աշխարհի լրահոսում առաջինը. Ժակ Ասադուրյան

09 Նոյեմբերի 2023, 21:45

Քաղաքականություն

Այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում այս պահին, պարզ քաղաքականություն է և կառավարությունների ձեռքի գործը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց դերասան Ժակ Ասադուրյանը։

«Ինքս քաղաքական գործիչ չեմ։ Ամեն ինչ կառավարությունների ձեռքի գործն է։ Դիտելով տեսանյութերը՝ հասկանում ենք, որ երկրների ղեկավարները կապված են միմյանց։ Մենք չունեցանք օգնություն, մտածում էինք՝ Ռուսաստանն է օգնում, բայց չգիտենք՝ օգնեց թե ոչ։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպես է ամբողջ աշխարհը խոսում Իսրայելի և Պաղեստինի մասին, բայց նույնը կատարվում էր հայերի հետ, սակայն մենք չստացանք անգամ այսօրվա լուսաբանման տասը տոկոսը, ինչը ինձ հիասթափեցնում է։ Ես չեմ ասում թե մեր դեպքում Արցախում ավելի ահավոր իրավիճակ էր քան Պաղեստինում, բոլորն են վատ։

Ես զգում եմ, որ մեդիամիջոցները համագործակցում են միմիանց հետ։ Ինչպես նախագահ Թրամփն էր միշտ ասում՝ ֆեյք նյուզ, և լրատվամիջոցները անում են այն, ինչ պետք է իրենց տերերին։ Ամբողջ մեդիամիջոցները պատկանում են ինչ-որ մարդկանց, այդ ինչ-որ մեկն ուզում է, որ մենք լսենք այն, ինչ-որ ինքն է ուզում, հենց այդպես է աշխատում այդ համակարգը»,- ասաց Ասադուրյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը նավթ ունենալու դեպքում կլիներ միջազգային լրահոսի բոլոր էջերում։

«Ամեն ինչ փողի մասին է։ Երբ տեսնում եմ երեխաներին, սիրտս կտոր-կտոր է լինում։ Դու չես կարող ծնվել ատելու համար, դու սովորում ես ատել, այս բոլոր երեխաները սովորում են ատել։ Եթե նայենք աշխարհի տարբեր անկյուններին, բոլորը բոլորին ատում են, բաժան-բաժան են եղել։

Այո՛, Ադրբեջանը երեխաներին ատելություն է սովորեցնում, վերաշարադրում ու խեղում է պատմությունը։ Պետք է ունենանք լավ առաջնորդներ, պետք է մեր երեխաներին ավելի լավ կրթենք։ Երբ Ադրբեջանցիները սկսում են հոխորտալ, ես աում եմ՝ Հիսուսը սիրում է ձեզ, այսինքն պետք է սեր տարածել, դա լավագույնն է, որ մենք կարող ենք անել, ատելությունը չափազանց շատ էներգիա է խլում, փորձեք սիրել»,- եզրափակեց Ասադուրյանը։