Եթե ժողովուրդը երկրի ղեկը չվերցնի իր ձեռքը, կամաց-կամաց Նախիջևանի նման կդատարկենք մեր հողերը․ հարցում՝ Գյումրիում

Արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխություններն ու իշխանությունների վարած հռետորաբանությունը լուրջ անհանգստություն և հոգեբանական մեծ ճնշվածություն են առաջացրել նաև Շիրակի մարզում: Գյումրիում բնակիչների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ կանգնած են երկրի ապագայի հանդեպ խորը անորոշության և անվտանգային լուրջ վախերի առաջ։

Հարցման մասնակից գյումրեցիները կտրուկ քննադատության են ենթարկել գործող իշխանություններին՝ նշելով, որ պատերազմով վախեցնելու քաղաքականությունն ու միակողմանի զիջումները երկիրը տանում են նոր կորուստների և հայրենազրկման։

«Նիկոլը մեզ անընդհատ վախեցնում է պատերազմով։ Բայց պատերազմն արդեն եկել է։ Այն մարդիկ, որոնք չեն ուզում պայքարել ու իրենց պաշտպանել, պարզապես կվերանան, ինչպես 100 տարի առաջ ցեղասպանվեց հայությունը։ Եթե այսպես շարունակվի, և հայ ժողովուրդը երկրի ղեկը չվերցնի իր ձեռքը, մի 20 տարի հետո կամաց-կամաց Նախիջևանի նման կդատարկենք մեր հողերը, կթողնենք կգնանք, իրենք էլ կհասնեն իրենց ուզածին»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից։

Ըստ գյումրեցիների՝ պատմական փորձը ցույց է տալիս, որ խաղաղության պատրանքները միշտ ավարտվել են ողբերգությամբ։

«Ես երբեք չեմ վստահել ու չեմ վստահի թուրքին, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Բաքվում ու Սումգայիթում էլ հայեր կային, ո՞ւր են այդ հայերը հիմա… Ալիևն իր պահանջները չի փոխելու»,- նշել է բնակիչներից մեկը։