Եթե կորոնավիրուսի մասին նոր հաղորդագրություններ չկան, չի նշանակում՝ վիրուսը կորել է. Հովակիմ Զաքարյան

05 Սեպտեմբերի 2023, 19:35

Տնտեսություն և Բիզնես

Եթե առողջապահության նախարարությունը չի հրապարակում կորոնավիրուսով հիվանդացության մասին նոր հաղորդագրություններ, դա դեռ չի նշանակում, որ վիրուսն անհետացել է: Պարզապես, հիմա, այն իր ախտանիշերով հիշեցնում է սովորական գրիպը:

Alpha News-ի հետ զրույցում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը նշում է՝ մարդիկ հիմա հիվանդանալով կորոնավիրոսով, երեք օր տանն են մնում, ու դուրս գալիս տանից, կարծելով, որ իրենց մոտ գրիպ էր:

Զաքարյանը նշում է՝ Առողջապահության համաշխարհային կազմակրեպությունը դեռ շարունակում է հրապարակել աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը:
«Եթե, օրինակ, վերցնենք ԱՀԿ-ի վերջին մեկ ամսվա տվյալները՝ հուլիսից-օգոստոս, ապա այդ ժամանակաշրջանում աշխարհում մեկ միլիոն չորս հարյուր հազար վարակման դեպք է գրանցվել, որից 1800-ը՝ մահվան ելքով»:

Ըստ Հովակիմ Զաքարյանի կորոնավիրուսի հետևանքով մահվան թվերն ամբողջ աշխարհում նվազել են, և դա ունի երկու պատճառ: Առաջինը, որ աշխարհի բնակչության մեծ մասն արդեն պատվաստվել է: Երկրորդը՝ անգամ պատվաստում չստացած մարդկանց օրգանիզմը վարակվելուց հետո հակամարմիների շնորհիվ դիմադրողականություն է ձեռք բերել:

«Եթե առաջ բոլոր դեպքերի համար նմուշառում էին անում, տեսնելու՝ կորոնավիրուս է, թե՞ ոչ, հիմա շատերը վարակվում են, ախտանիշերը բավականին թեթև են անցնում, որովհետև մարդիկ պատվաստված են, կամ արդեն ժամանակին վարակված են եղել»,- բացատրում է վիրուսաբանը: Նա տարակուսում է՝ վարակման դեպքերը կարող են ավելի շատ լինել, սակյան հարց է՝ դրանք գրանցվո՞ւմ են, թե՞ ոչ:

Վիրուսաբանի խոսքով ԱՀԿ-ի հրապարակած ընդհանուր թվի մեջ ներառված է նաև Հայաստանի ներկայացրած վիճակագրությունը, որը սակայն մեր երկիրն՝ ինքը, դադարել է հրապարակել:
Հարցին՝ միտում տեսնու՞մ է այդ թվերը պաշտոնապես չհրապարակելու մեջ, վիրուսաբանը դժվարանում է պատասխանել, սակայն նշում է՝ չի կարող բացառել, որ դա պետական մարմնի թերացումն է:

Այս պահին, ոչ Եվրոպայում, ոչ էլ երկրագնդի այլ հատվածներում կորոնավիրուսի՝ նոր և մտահոգություն առաջացնող տեսակներ չկան, բայց դա չի նշանակում, որ ապագայում էլ բացառված է, որ կլինեն,:

«Բնականաբար, մեզ համար մտահոգիչ կլինի այնպիսի նոր մուտանտ տարբերակի առաջացումը, որն, օրինակի համար, շատ ավելի արագ է փոխանցվում մի մարդուց մյուսին, և շատ ավելի ծանր հիվանդության ընթացքի պատճառ է դառնում»,-ասում է Հովակիմ Զաքարյանը:

Նա հիշեցնում է, որ կորոնավիրուսի տարբեր շտամներ գոյություն ունեն, որոնց դեպքում հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում, անգամ իմունային համակարգի «արտադրած» հակամարմինները, պատվաստանյութերն ու դեղորայքը թույլ են դրանց դեմ:

Վիրուսաբանի խոսքով՝ դեռ շատ դժվար է կանխատեսել թե վիրուսը ի՞նչ մուտացիաների կենթարկվի: Նա նշում է, որ այդպիսի վտանգների մասին ԱՀԿ-ն ժամանակին նախազգուշացրել է՝ հատկապես օմիկրոնի տեսակների:

«Գլոբալ, պետք է միշտ սպասել, որ նոր մարտահրավերներ կարող են լինել: Սա վախեցնելու համար չեմ ասում: Պետք է միշտ պատրաստ լինել նոր իրադարձությունների և չզարմանալ, որ հանկարծ, վա՜յ, այս որտեղից նոր համավարակ սկսվեց»,- զգուշացնում է վիրուսաբանը:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատողի խոսքով՝ վերջին 20 տարիների պատմությունը ցույց տվեց, որ առնվազն հինգ տարին մեկ, նոր վիրուսներ կարող են ի հայտ գալ, որոնք էլ կարող են դառնալ համավարակի պատճառ: