Եթե որոշել եք գնալ այլ միություն, ինչո՞ւ պետք է մենք դրա համար վճարենք․ Օվերչուկ

04 Հունիսի 2026, 11:39

Քաղաքականություն

Եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, ապա կարող է կատարել այդ ընտրությունը, սակայն ոչ Ռուսաստանի հաշվին։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք կողմ ենք այն ամենին, ինչ հայ ժողովուրդն ինքն է համարում իր համար լավագույնը։ Եթե նրանք կարծում են, որ Եվրամիությունում իրենց ավելի հարմար և ավելի լավ կլինի, ապա, իհարկե, կարող են գնալ այդ ճանապարհով»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը վերջնականապես կխզի կապերը ԵԱՏՄ-ի հետ

Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է նման ընտրություն կատարել, եթե ցանկանա․ «Բայց ոչ մեր հաշվին»։

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը Երևանի դիրքորոշմանը մոտենում է զուտ գործնական տեսանկյունից։ «Մենք այս հարցին մոտենում ենք պրագմատիկ կերպով․ եթե դուք Ռուսաստանի հետ միության անդամ եք, ապա ունեք որոշակի տնտեսական առավելություններ։ Իսկ եթե որոշել եք միանալ մեկ այլ միության, ապա ինչո՞ւ պետք է մենք դրա համար վճարենք,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։