Եթե Փաշինյանն ինչ-որ կերպ հաղթի եկեղեցու դեմ այս մարտում, դա կլինի Հայաստանի լիակատար կործանումը. Անդրեյ Պերլա

«Ցարգրադ»-ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ շարունակվող արշավին։

«Վերլուծելով այն, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը հայաստանյան ներքաղաքական կյանքում, պետք է հասկանալ երկու բան. մի կողմից, չնայած իր ողջ արտահայտչականությանը և հուզականությանը, նա լիովին ռացիոնալ քաղաքական գործիչ է, մյուս կողմից՝ այս լիովին ռացիոնալ քաղաքական գործիչն արևմտամետ է, ՆԱՏՕ-ի կողմնակից, և կարելի է նույնիսկ ասել՝ կոնկրետ ֆրանսամետ:

Եվ այդ առումով Հայաստանը պետք է ոչ միայն թեքվի ԵՄ կողմը, այլ պետք է դառնա միացյալ Եվրոպայի գործիք, իսկ դրա համար պետք է թշնամանա Ռուսաստանի հետ: Այդպես էլ կա, քանի որ ըստ Փաշինյանի և նրա համախոհների՝ արևը ծագում է Արևմուտքում: Սա բավականին տարածված տեսակետ է։

Փաշինյանն այս առումով առաջինը չէ, նա շատ է հիշեցնում Միխայիլ Սաակաշվիլուն, ում պատճառով Վրաստանը շատ վիշտ ապրեց։ Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող իրեն թույլ տալ թշնամություն Ռուսաստանի հետ, ավելին, նման թշնամանքը սպառնում է Հայաստանին կործանմամբ, քանի որ Հայաստանը սահմանակից է պետությունների հետ, որոնք առանց Ռուսաստանի աջակցության պարզապես «կուտեն» Հայաստանին»,- ասել է Պերլան:

Փորձագետի կարծիքով՝ եթե Փաշինյանն ինչ-որ կերպ հաղթի եկեղեցու դեմ այս մարտում, ապա դա կլինի Հայաստանի լիակատար կործանումը:

«Հայ Առաքելական եկեղեցին հայ հասարակության այն հատվածի հիմնական հենասյուններից մեկն է, որը չի ուզում լինել արևմտամետ, ուզում է Հայաստանը տեսնել որպես անկախ պետություն՝ իր մշակույթով, Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով։ Հայ Առաքելական եկեղեցին ոչ մի պարագայում չի կարող արևմտամետ լինել, դա հակասում է իր ողջ պատմությանն ու էությանը:

Հետևաբար, Փաշինյանը՝ լինելով էքսպրեսիվ և միևնույն ժամանակ պրագմատիկ քաղաքական գործիչ, բացարձակ անխուսափելիորեն կոնֆլիկտի մեջ է մտնում հայ եկեղեցու հետ։ Արևմուտքի կողմ թեքվելը շրջադարձ է դեպի ավելի սեկուլյար պրակտիկա, անաստվածություն, ամենաանզուսպ լիբերալիզմ և պայքար ավանդական արժեքների դեմ։ Եթե դուք Արևմուտքի կողմից եք, ապա ստիպված եք այս ամենն ընդունել:

Չի կարելի լինել արևմտամետ քաղաքական գործիչ և միևնույն ժամանակ հանդես գալ, օրինակ, միասեռ ամուսնությունների դեմ: Փաշինյանը դա հասկանում է, քանի որ իր և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտությունն անխուսափելի է: Եվ պետք է հասկանալ այդ հակամարտության գինը։ Եթե Փաշինյանը հաղթող դուրս գա, ապա Հայաստանը կկործանվի, և դա կատակ չէ»,- եզրափակել է Պերլան։