Եթե Փաշինյանը ներկա չլինի երդմնակալությանը, դա նշանակում է՝ Ռուսաստանն ու Հայաստանն այլևս դաշնակից չեն. Դմիտրի Ժուրավլյով

Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովն Alpha News-ի եթերում անդրադարձել է այն լուրերին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը:

«Հայաստանի վարչապետը չի պատրաստվում լինել Ռուսաստանի դաշնակիցը, նա ցանկանում է լինել Ֆրանսիայի դաշնակիցը։ Փաշինյանը կարծում է, որ Ֆրանսիան Հայաստանին ավելին կտա, քան Ռուսաստանը, բայց չի հասկանում, որ Ֆրանսիան ոչինչ չի տա ։ Փաշինյանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, նա կարծում է, որ դա կկանգնեցնի թուրքերին, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։

Փաշինյանը չի մեկնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը, բայց կգնա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, քանի որ չի ցանկանում դուռը շատ բարձր շրխկացնել։ Բայց եթե Հայաստանի վարչապետը չլինի երդմնակալության արարողությանը, դա նշանակում է, որ Ռուսաստանն այլևս չունի այնպիսի դաշնակից, ինչպիսին Հայաստանն է։ Համենայնդեպս, քանի դեռ իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը», — ասել է Ժուրավլյովը։

Ինչ վերաբերում է Պուտինի երդմնակալությանը Հայաստանի վարչապետի բացակայությանը Մոսկվայի արձագանքին, ապա փորձագետի կարծիքով, Ռուսաստանում դա հանգիստ կընկալվի:

«Փաշինյանն առաջին շաբաթը չէ, որ ղեկավարում է Հայաստանը, առանձնապես ոչ մի նոր բան տեղի չի ունենում ։ Փաշինյանը չգիտես ինչու մտածում էր, որ կարելի է կթել Ռուսաստանին և բարեկամանալ Ֆրանսիայի հետ, բայց նա սխալվում էր», — եզրափակել է Ժուրավլյովը։