Եթե փոխում ենք մեր ունեցած արժեքները, դատապարտված ենք հայտնվելու պատմության աղբարկղում․ Տ. Շահե Անանյան

Թուրքիայում մինչ օրս կա օրենսդրական կարգավորում, որով պետությունն է հաստատում հայոց պատրիարքին՝ իբրև հայ համայնքի ներկայացուցիչ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները փորձում են Թուրքիայի մոդելով շարժվել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդով այդ մոդելը կիրառել Հայաստանում։

«Ադրբեջանում ևս նման պրակտիկա կա․ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահին ևս հաստատում է պետությունը։ Եթե չեմ սխալվում, Իրանում և Վրաստանում նման պրակտիկա չկա։ Եթե մենք փոխում ենք ժամանակին մեր ունեցած արժեքները, երբ Հայաստանը հռչակում էինք ժողովրդավարության բաստիոն, ապա դատապարտված ենք հայտնվելու պատմության աղբարկղում։

Հիմա եթե փոխում ենք այդ արժեքները, և պետությունն է որոշիչ ձայն ունենում եկեղեցապետի ընտրության հարցում, ապա ստացվում է, որ մենք անում ենք նույնը, ինչ փորձում էին անել Ստալինը և կոմունիստները տոտալիտար ռեժիմի ժամանակ, Հիտլերը և այլ բռնապետներ։ Եթե այդպիսի ցանկություն կա, ապա պետք է հասկանանք նաև, թե ինչ է ասում Սփյուռքը։ Իսկ Սփյուռքը, վստահաբար, չի համաձայնի այդ քայլին»,-ասել է Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։