Եթե թանգարանը տեղից չշարժվի, զբոսաշրջիկը կամ այլ այցելուն հենց էնպես չեն գալու. Լուսինե Թորոյան
16 Մայիսի 2025, 20:45
Նիկոլ Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել այն, որ տարիներ ի վեր եղել են թանգարաններ, որոնք իրապես շատ քիչ այցելուներ են ունեցել: Այս մասին թանգարանների միջազգային օրվան ընդառաջ Alpha News-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ 2024-ի օգոստոսի 2-ին արված այն հայտարարությունը, թե «թանգարաններում շարժ չկա, նույն նկարները կախված են տարիներ շարունակ, թանգարանները հիմնականում պահեստ են»:
«Մեր թանգարանում էլ են եղել օրեր, որ այցելուներ չենք ունեցել: Բնականաբար, ամբողջ աշխարհում նույնպես կա այդ տենդենցը, միայն մենք չենք, բայց դա ասվում էր նրա համար, որ թանգարանները պետք է նոր մոտեցումներ գտնեն, որպեսզի այդ իրավիճակը փոխվի և այցելուները շատանան: Մենք, օրինակ, զբոսաշրջիկների համար հետաքրքիր փաթեթ ենք մշակել, որը պատրաստվում ենք առաջարկել:
Այսինքն՝ եթե թանգարանը տեղից չշարժվի, զբոսաշրջիկը կամ այլ այցելուն հենց էնպես չեն գալու թանգարանների դուռը թակեն ու ասեն, որ եկել են: Մենք պետք է ինչ-որ գործողություններ անենք, որոնց շնորհիվ կկարողանանք թանգարանները հանրահռչակել ու ապահովել բարձր հաճախելիությամբ…. Պետք չէ վրդովվել Նիկոլ Փաշինյանի խոսքից, պետք է խորանալ ու հասկանալ՝ միգուցե ճշմարտություն կա դրանում, պետք է հասկանալ, թե որոնք են թանգարանի թույլ կողմերը ու ինչ պետք է անել, որպեսզի թանգարանը դառնա զարգացող ու մրցունակ կառույց»,- նշեց Լուսինե Թորոյանը: