Եթե Թրամփը բարեկամանա ՌԴ-ի հետ, Կովկասը նրա համար ինքնաբերաբար կդառնա ավելի քիչ առաջնահերթություն. Ջոն Վարոլի
28 Փետրվարի 2025, 21:50
Ամերիկացի քաղաքական մեկնաբան Ջոն Վարոլին Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններին և արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումներին։
«Մենք արդեն տեսնում ենք արմատական փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, որոնք չեն եղել գրեթե 40 տարի, երբ ղեկավարում էր Ռոնալդ Ռեյգանը: Թրամփը գնում է Ռոնալդ Ռեյգանի հետքերով։ Ռեյգանը համարձակ մարդ էր, Թրամփը նույնպես խիզախ մարդ է, և նա պատրաստ է փոխզիջման գնալ։ Նա պատրաստ է խոսել մի երկրի հետ, որին, ցավոք, ԱՄՆ-ն իր թշնամին է համարում։ Ռեյգանը համարձակություն ուներ, Թրամփն էլ ունի, բայց, ցավոք, ԱՄՆ-ում լիբերալները շատ են։
Նրանք դեմ են խաղաղությանը և ցանկանում են շարունակել պատերազմն ու հակամարտությունը։ Հետևաբար, Թրամփը նախ պետք է զբաղվի տան թշնամիներով։ Դա հենց ներքին թշնամին է՝ լիբերալ ուժը, որը ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Ամերիկայի ժողովրդի ամենամոլի թշնամին է։
Ամերիկայի ժողովուրդն ընտրեց Թրամփին, քանի որ ցանկանում է խաղաղություն, ցանկանում է վերջ տալ հակամարտություններին, և մենք արդեն տեսնում ենք առաջին պտուղները, բայց սա գործընթացի միայն սկիզբն է։ Արագ լուծում չեմ ակնկալում, ցավոք սրտի։ Թրամփը գտնվում է թշնամական ներքին ուժերի հսկայական ճնշման տակ։ Նա դեռ պետք է դրա հետ պայքարի»,- ասել է Վանոլին:
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններին՝ Վարոլին նշել է, որ երկու տերությունների շփման փաստը շատ մեծ ձեռքբերում է ԱՄՆ-ի վերջին հարյուրամյակի ռուսատյաց քաղաքականության ֆոնին։
«Այն փաստը, որ երկու երկրները խոսում են, արդեն մեծ հաղթանակ է։ Կարող է թվալ, թե սա այդքան էլ մեծ հաղթանակ չէ, բայց դա իսկապես մեծ է, քանի որ Վաշինգտոնի վերնախավը 100 տարի ապրում է Ռուսաստանի նկատմամբ ուժեղ ատելությամբ։ Եվ հատկապես վերջին 10 տարիների ընթացքում մենք տեսել ենք ատելության այնպիսի մակարդակ Ռուսաստանի նկատմամբ, որը երբեք չի եղել նույնիսկ սառը պատերազմի ժամանակ, նույնիսկ 1950-60-ական թվականներին նման բան չի եղել։
Վերջին 10 տարիները շատ դժվար, մութ ժամանակներ էին ամերիկյան պատմության համար, հատկապես վերջին 4 տարիները և Բայդենի կառավարման շրջանը, ով ԱՄՆ պատմության ամենավատ, վատագույն նախագահն էր: Նա այն մարդն է, ով իրականում հաստատել է տոտալիտար ռեժիմ․ հարյուրավոր, նույնիսկ մի քանի հազար քաղբանտարկյալներ, խիստ գրաքննություն, պատերազմ Ռուսաստանի և այլ երկրների դեմ, տնտեսական պատերազմներ և ցեղասպանություն Պաղեստինում։ Նա բացարձակապես սարսափելի մարդ էր»,- ընդգծել է փորձագետը։
Ջոն Վարոլիի խոսքով՝ Թրամփի օրոք ԱՄՆ-ն այլ երկրներին նայում է տնտեսական շահի տեսանկյունից և դրա վրա հիմնվում իր արտաքին քաղաքականության մեջ։
«Ո՞րն է Թրամփի հիմնական դրդապատճառը։ Նա իսկապես ցանկանում է անել այն ամենը, ինչը ձեռնտու է ԱՄՆ-ին։ Նա ցանկանում է մեծ Ամերիկա, ցանկանում է ավելի մեծ օգուտ բերել ԱՄՆ-ին և նայում է յուրաքանչյուր տարածաշրջանին առանց գաղափարախոսության, առանց խորամանկության:
Նա պարզապես այսպես է մտածում. եթե կա ինչ-որ երկիր, կարևոր չէ, թե որ երկիրը՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Եվրոպա, ապա «ինչ կարող ենք ստանալ այդ երկրից։ Մենք ամենահզորն ենք, մենք կարող ենք ձեզ ինչ-որ բան առաջարկել, բայց դուք մեզ ի՞նչ կառաջարկեք դրա դիմաց»։ Ահա թե ինչով է առաջնորդվում Թրամփը: Իսկ ինչ կարող է Հայաստանն առաջարկել տնտեսական առումով։ Կովկասի տարածաշրջանը հետաքրքիր է նրանով, որ գտնվում է Իրանի կողքին, որն արդեն շուրջ 40 տարի ԱՄՆ-ի գլխավոր թշնամին է: Այդ պատճառով Կովկասի տարածաշրջանը ռազմավարական առումով շատ կարևոր է Վաշինգտոնի համար»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը։
Ըստ Ջոն Վարոլիի՝ Միացյալ Նահանգները միշտ ցանկանում է ինչ-որ ռազմաբազա կառուցել և կոնկրետ երկրին նայում է այնտեղ ռազմաբազա կառուցելու մտքով, որովհետև այդ երկրի մոտ են իրենց թշնամիները։
«Այսպես են նայում Հայաստանին կամ Ադրբեջանին, նրանցից ո՞վ է ԱՄՆ-ին ռազմաբազայի տեղ առաջարկելու։ Բայդենի օրոք էլ այդպես էր։ Իսկ հիմա Թրամփն ասում է, որ մենք չենք ուզում նման ռազմատենչ տերություն լինել, մենք պատերազմ չենք ուզում։ Նա ցանկանում է կրճատել ծախսերը, կրճատել ԱՄՆ ռազմական ներկայությունն ամբողջ աշխարհում։ Եթե դա այդպես է, ապա Կովկասյան տարածաշրջանը դառնում է պակաս կարևոր։ Եթե Թրամփը բարեկամանա Ռուսաստանի հետ, ապա Կովկասն ինքնաբերաբար պակաս առաջնահերթություն է դառնում Թրամփի և Սպիտակ տան համար»,- եզրափակել է ամերիկացի փորձագետը։