Եվգենի Լալայանցը ճանաչվել է SHL-ի աստղերի դեմ ընկերական հանդիպման լավագույն խաղացող

10 Նոյեմբերի 2026, 19:30

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Եվգենի Լալայանցը SHL-ի աստղերի դեմ ընկերական խաղում վաստակել է 3 միավոր (2 գոլ և 1 գոլային փոխանցում) և իրացրել հաղթական հետխաղյա տուգանային հարվածը։

Հանդիպումից հետո Լալայանցը կիսվել է իր տպավորություններով։

«Հանդիպումից բացառապես դրական էմոցիաներ մնացին։ Ինչ վերաբերում է մրցակցին, ապա շատ լավ թիմ է։ Կարծում եմ՝ դա երևում էր թե՛ հաշվի, թե՛ խաղի ընթացքից»,- ասել է Եվգենին։

Նրա խոսքով՝ հանդիպումը լավ նախապատրաստական փուլ էր Քուվեյթում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։

Սակայն հարձակվողն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրպագուների աջակցությանը։

«Կարծում եմ՝ բոլոր տղաներն էին կարոտել նման հանդիպումները, երբ լեփ-լեցուն տրիբունաները գոռում են, ոգևորում ու աջակցում քեզ։ Դա շատ է օգնում։ Ցանկանում եմ հսկայական շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որ գալիս են մեր խաղերին։ Չէ՞ որ մենք խաղում ենք նրանց համար, որպեսզի նրանք ուրախանան։ Մեր բոլոր հաղթանակները նրանց համար են»,- նշել է Լալայանցը։