Եվրամիությունը դեռ թքած ունի Հայաստանի վրա. գերմանացի փորձագետ

10 Նոյեմբերի 2023, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Արևմուտքի և Հայաստանի հարաբերությունների իր տեսլականը։ Փորձագետի կարծիքով՝ Եվրամիությունը դեռ թքած ունի Հայաստանի վրա:

«Հայաստանն այժմ զգուշավոր դիվանագիտություն է վարում Արևմուտքի նկատմամբ։ Հայաստանը ցանկանում է տեսնել, թե որքանով կարող է իրեն օգնել Եվրամիությունը, ինչ-որ բան տալ այն բանի դիմաց, ինչ Հայաստանը դեռ կարող է ստանալ Ռուսաստանից։ Հասկանալով Արևմուտքի ազդանշանները, որոնք ասում են, որ Հայաստանը պետք է հեռանա Ռուսաստանից՝ Երևանն իսկապես հեռանում է Մոսկվայից, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունները չխզելու համար։

Այն, որ Հայաստանը, ի տարբերություն Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի, չի հրավիրվել Եվրամիություն, ցույց է տալիս, որ Եվրամիությունը դեռ չի մտածում Հայաստանի մասին»,- նշել է Ռարը։

Նրա խոսքով, Արևմուտքը հույս ունի, որ ի տարբերություն այլ երկրների, «փոքր Հայաստանը կլսի իրենց»։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աչքում Հայաստանը դիտվում է որպես Ռուսաստանի վրա ճնշման կարևոր գործիք՝ առևտրային սահմանները փակելու, Ռուսաստանին մեկուսացնելու և Ռուսաստանին համաշխարհային գլոբալացումից դուրս շպրտելու հարցերում։ Սա է Արեւմուտքի հետապնդած նպատակը։ Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան չեն լսում Արևմուտքին, բայց փոքրիկ Հայաստանը, ինչպես հույս ունեն Փարիզում, Բեռլինում կամ Բրյուսելում, կլսի։ Բայց կարծում եմ, որ Հայաստանը չի համաձայնի սրան։

Հայաստանը, ինչպես նախկինում, որոշ ժամանակ կփորձի բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, ցույց տալ Մոսկվային, որ Երևանը չի ցանկանում կախվածության մեջ լինել միայն Ռուսաստանից, այլ, ինչպես նախորդ տասնամյակներում, բախվելու է իր գործունեության զգալի սահմանափակումների։ Եվ, ինձ թվում է, նա պարզապես կգա այն եզրահանգման, որ այլ ելք չունի, քան մնալ Ռուսաստանի հետ դաշինքի մեջ։

Սա պատմական ընտրություն է, որը Հայաստանը կատարել է, ուստի հավատարիմ կմնա դրան։ Բայց Եվրոպայի հետ բարեկամանալու փորձերը կշարունակվեն, ինչը, իհարկե, կնյարդայնացնի Մոսկվային»,- եզրափակել է Ռարը։