«Եվրասիա-Կինոֆեստ»-ը կմիավորի 25 երկրի կինոգործիչների
07 Հունիսի 2025, 18:45
Հունիսի 6-13-ը Սոչիում անցկացվում է եվրասիական երկրների «Եվրասիա-Կինոֆեստ» 2-րդ միջազգային կինոփառատոնը։ Այն լայնածավալ մշակութային միջոցառում է, որը կհամախմբի կինոգործիչների 25 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և այլ երկրներից։
«Եվրասիա-Կինոֆեստ»-ին մասնակցում են կինոյի և հեռուստատեսության ականավոր գործիչներ, այդ թվում՝ փառատոնի նախագահ Ջանիկ Ֆայզիևը, «Մոսֆիլմ»-ի տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը, ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Շուկշինան, ամենահայտնի Չինգաչգուկը՝ սերբ ռեժիսոր և դերասան Գոյկո Միտիչը, իսպանացի սցենարիստ և դերասան Խավիեր Գոնսալեսը, ֆրանսիական կինոյի աստղեր Սեմի Նասերին և Ֆրեդերիկ Դիֆենտալը։ Փառատոնին մասնակցում է նաև բոլորի կողմից սիրված Լուսելիա Սանտուսը՝ «Ստրկուհի Իզաուրա» սերիալի գլխավոր դերասանուհին։
«Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Հայաստանի նկատմամբ։ Բրազիլիայում ունեմ բազմաթիվ հայ գործընկերներ և ընկերներ։ Ես պարզապես հիանում եմ տաղանդավոր Արասի Բալաբանյանով և Ստեփան Ներսեսյանով, նրանք բարձր մակարդակի դերասաններ են: Բացի այդ, ես հաճախ եմ այցելում Լիսաբոնի Գյուլբենկյան թանգարան»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Լուսելիա Սանտուսը:
«Եվրասիա-Կինոֆեստ»-ը կհամախմբի կինոարտադրության մասնագետներին՝ առաջարկելով ցուցադրություններով, քննարկումներով, վարպետության դասերով և հայտնի ռեժիսորների ու դերասանների հետ հանդիպումներով հագեցած ծրագիր։
«Կես տարի առաջ մենք ունեինք 35 ֆիլմ, այս անգամ՝ գրեթե 100: Բոլորը պրեմիերաներ են։ Սա նշանակում է, որ մեր մտահղացումը հաջողված է, մենք միավորում ենք Եվրասիայի երկրներին ստեղծագործության և մեր ապագայի շուրջ: Մենք ցանկանում ենք ստեղծել մեկ մշակութային, մտավոր, կրթական տարածք, որտեղ բոլոր մարդիկ և բոլոր երկրները հարգում և հասկանում են միմյանց։ Մենք նաև միավորում ենք երիտասարդությանը»,- ասել է «Եվրասիա» ԻՈԱԿ խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան։
Փառատոնի նախագահ Ջանիկ Ֆայզիևի խոսքով՝ «Եվրասիա-Կինոֆեստ»-ին մասնակցում են բազմաթիվ քիչ հայտնի ռեժիսորներ, ինչն իսկապես ուրախալի է։
«Բացի այդ, ցանկացած փառատոնի խնդիրն է կերտել վաղվա օրը: Եվ այս առումով մենք անչափ ուրախ ենք, քանի որ վաղվա օրն անչափ գեղեցիկ է լինելու»,- ասել է Ֆայզիևը:
Կինոյի սիրահարները, մասնագետները և փառատոնի հյուրերը կկարողանան խորասուզվել կինոարվեստի մթնոլորտում, ծանոթանալ նոր միտումներին և բացահայտել տարբեր երկրների ռեժիսորների վառ աշխատանքները։