Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առաջ. Ալեքսեյ Օվերչուկ

19 Մայիսի 2026, 18:15

Քաղաքականություն

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ այս հարցը միահյուսում է տնտեսական և քաղաքական բաղադրիչները և անմիջականորեն կապված է երկրում ընթացող նախընտրական գործընթացների հետ։

Օվերչուկը շեշտել է, որ Ռուսաստանը կցանկանար տեսնել Հայաստանին ԵԱՏՄ-ում և շահագրգռված չէ, որպեսզի երկիրը կորցնի ներկայիս տնտեսական առավելությունները։ Նա նաև նշել է, որ միության կազմում գտնվելու տարիներին Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր տնտեսությունը, բարձրացրել կենսամակարդակն ու համախառն ներքին արդյունքը, և այդ արդյունքները մեծապես ապահովվել են ԵԱՏՄ-ի ընձեռած արտոնությունների շնորհիվ։

ՌԴ փոխվարչապետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրոպական միության հետ մերձեցման օգտին, և արդեն ընդունվել է օրենք, որն արտացոլում է ինտեգրման ձգտումը։ Սակայն, նրա խոսքով, ԵՄ-ն տնտեսական միավորումից աստիճանաբար վերածվում է ռազմական-քաղաքական բլոկի՝ ուղղված Ռուսաստանի դեմ, և հայկական հասարակությունը պետք է հաշվի առնի նման ընտրության հետևանքները։

Նա նաև նշել է, որ անորոշությունը խանգարում է բիզնեսին երկարաժամկետ ծրագրեր կառուցել և կոչ է արել Հայաստանին հնարավորինս արագ հստակեցնել իր դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կարգավիճակի հարցը Եվրասիական տնտեսական միությունում կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։