Եվրախորհրդարանի բանաձևերն ավելի պրոհայկական են, քան Փաշինյանի ելույթները. Իգիթյան

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը որոշ դեպքերում ավելի հստակ պաշտպանում են հայկական շահերը, քան Հայաստանի իշխանությունների հնչեցրած դիրքորոշումները։ Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվել է հակասական իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնում Հայաստանի վարչապետին։

«Սա որոշակիորեն տրամաբանական է այն պայմաններում, երբ Փաշինյանը չի պաշտպանում հայկական շահերը և միաժամանակ դժգոհում է Եվրախորհրդարանից, որն, ընդհակառակը, ընդունում է հայանպաստ բանաձևեր»,- ասել է Իգիթյանը։

Ըստ նրա՝ եթե Հայաստանի իշխանությունները հաճախ պնդում են, որ տարածաշրջանային խնդիրների հիմքում խորհրդային կամ ռուսական գործոններն են, ապա Եվրախորհրդարանի դիրքորոշումները ցույց են տալիս այլ պատկեր։

«Եվրախորհրդարանը շուրջ մեկ տասնյակից ավելի անգամ ընդունել է բանաձևեր, որոնք արձանագրում են կոնկրետ պատմական փաստեր՝ անկախ քաղաքական մեկնաբանություններից»,- նշել է նա։

Իգիթյանի գնահատմամբ՝ այդ փաստերի թվում են ինչպես Արցախի իրադարձությունների վերաբերյալ էթնիկ զտման ձևակերպումները, այնպես էլ Օսմանյան կայսրության շրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Սա պարզապես տարբեր ուժային կենտրոնների կողմից ֆիքսվող իրականություն է․ մի դեպքում խոսքը Թուրքիայի, մյուս դեպքում՝ Ադրբեջանի գործողությունների մասին է»,- ընդգծել է քաղաքագետը։

Նրա համոզմամբ՝ նման գնահատականները վկայում են ոչ միայն պատմական իրողությունների, այլ նաև այդ երկրների երկարաժամկետ քաղաքական նպատակների մասին։