Եվրոպան Հայաստանին չտվեց այն, ինչ ակնկալում էր Երևանը․ Օլեգ Բլոխին
31 Հուլիսի 2026, 20:30
Քաղաքագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին։
Փորձագետի խոսքով՝ հեռախոսազրույցը նախաձեռնել է ՀՀ-ի վարչապետը, քանի որ նրան անհրաժեշտ է շտկել երկրի ներքին իրավիճակը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը հանգեցրած քայլերից հետո։
«Փաշինյանը զանգահարեց, որովհետև նրան ինչ-որ բան է պետք։ Եթե նրան ոչինչ պետք չլիներ, ապա այդ զանգը նրան պետք չէր լինի անգամ 300 տարի անց։ Կարծում եմ՝ նրան անհրաժեշտ է շտկել իրավիճակը երկրի ներսում, քանի որ ՌԴ-ի ուղղությամբ որոշ կտրուկ քայլեր և հայտարարություններ անելով՝ նա հետևողականորեն փչացրել է հարաբերությունները։ Հասկանալի է, որ, հետևելով Եվրամիության հրահանգներին՝ ակնկալում էր, որ դրա դիմաց կստանա աջակցություն։ Հնարավոր է՝ նրան դա նաև խոստացել և երաշխավորել էին։ Պարտադիր չէ, որ դա ֆինանսական օգնություն լինի․ խոսքը կարող է նաև եվրոպական շուկաների մասին լինել։
Իսկ երբ տեղի ունեցան այն քայլերը, որոնք վնասեցին ՌԴ-ի հետ հարաբերություններին, իսկ Եվրոպայի կողմից որևէ առանձնահատուկ քայլ չհետևեց՝ ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ հաղորդակցությունների զարգացման, ո՛չ էլ ՀՀ-ի համար եվրոպական շուկաների բացման ուղղությամբ, հասկանալի է, որ դա երկրի ներքին իրավիճակի վրա դրական ազդեցություն չէր կարող ունենալ»,- նշել է Բլոխինը։