Եվրոպայի համար կարևոր է թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Կովկասում. Գերմանիայի ԱԳ նախարար

17 Նոյեմբերի 2026, 14:15

Միջազգային

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ցանկանում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի՝ Եվրոպայի հետ կապերի ամրապնդմանը՝ «Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացնելու փորձերի ֆոնին»։ Այս մասին հայտնում է DW-ն։

«Եվրոպայի շահերից է բխում հակազդել դրան և թույլ չտալ, որ Ռուսաստանն ուժեղացնի իր ազդեցությունը տարածաշրջանում»,- երեքշաբթի օրը Գերմանիայից մեկնելուց առաջ լրագրողներին ասել է նա։

Վադեֆուլը հիշեցրել է, որ «Եվրոպան Ուկրաինայի օրինակով տեսնում է, թե ինչի կարող է հանգեցնել ռուսական ազդեցության ուժեղացումը»։

Նախարարի խոսքով՝ «անհրաժեշտ է օգտագործել Հայաստանի՝ Եվրոպայի հետ մերձեցման հնարավորությունը՝ ընդլայնելով քաղաքական և բնապահպանական կապերը»։ Նա նշել է, որ «Հայաստանը երկար ժամանակ գտնվել է Ռուսաստանից տնտեսական և ռազմական կախվածության մեջ»։

Վադեֆուլն իր այցի մեկ այլ նպատակ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելը։ Նրա խոսքով՝ «սա այն եզակի հակամարտություններից մեկն է, որն ունի խաղաղ կարգավորման հնարավորություն»։

«Ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ երկու կողմերն էլ համաձայն են ընդունել համաձայնագրի տեքստը, որն արդեն հիմնականում պատրաստ է։

Հիմա եթերում