ԵԽ-ն պետք է ավելի բարձրաձայն խոսի Հայ եկեղեցու նկատմամբ հետապնդումների մասին․ Էդվարդ Լի
30 Սեպտեմբերի 2026, 22:40
«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի քաղաքականության հարցերում լիովին չեզոք եմ։ Ինչպես ասում են անգլերեն՝ I’ve no axe to grind with any particular party՝ «որևէ քաղաքական ուժի նկատմամբ անձնական շահ չունեմ»։ Հետևաբար, որևէ հիմք չունեմ կողմերից որևէ մեկին աջակցելու», — Alpha News-ի հտ զրույցում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Միացյալ Թագավորության պատվիրակության անդամ, պարոն Էդվարդ Լին։
Բրիտանացի պատգամավորը սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ լիագումար նիստում, քննարկելով Հայաստանում ընտրությունների արդյունքները, քննադատել է երկրի իշխանություններին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների համար։
«Այնուամենայնիվ, ես կատարել եմ իմ սեփական հետազոտությունը և տեղեկություններ եմ ստացել աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկի ՝ հայկական եկեղեցու հետապնդումների մասին։Որքան ինձ հայտնի է, նախկինում երբևէ Հայաստանի կառավարությունները չեն հետապնդել Եկեղեցուն և չեն փորձել վերահսկողություն հաստատել նրա նկատմամբ։ Սակայն ներկայիս կառավարությունը եպիսկոպոսներին կալանավորում է, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ մեղադրանքներ է առաջադրում։
Ինչպիսին էլ լինի այդ մեղադրանքների իրականությունը՝ ես չունեմ ամբողջական տեղեկատվություն, որը թույլ կտար դրանց վերաբերյալ դատողություն անել, սակայն ինքնին ստեղծված իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում։ Հայաստանի և նրա միջազգային հեղինակության համար, հատկապես ինձ նման քրիստոնյաների աչքում, այն իրավիճակը, երբ եպիսկոպոսները կալանավորվում են, խիստ բացասական տպավորություն է թողնում։
Հենց սա էր իմ ելույթի թեման, և սա է իմ դիրքորոշումը։ Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է այս հարցի վերաբերյալ ավելի հստակ և հետևողական դիրքորոշում արտահայտի։ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների տեսանկյունից եպիսկոպոսներին պետք է հնարավորություն տրվի ազատորեն իրականացնելու իրենց գործունեությունը»,- նշել է պատգամավորը։
Բրիտանացի պատվիրակի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնպահ մնա Եկեղեցու գործերին միջամտելուց և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է ընկալվել որպես Եկեղեցու նկատմամբ հետապնդում։
«Ես հասկանում եմ, որ կառավարությունը Եկեղեցու ներկայացուցիչների դեմ տարբեր մեղադրանքներ է առաջադրում։ Սակայն ինձ տեղեկացրել են, որ հակամարտության իրական պատճառը կարող է կապված լինել եպիսկոպոսների՝ Լեռնային Ղարաբաղ հայ փախստականների վերադարձի իրավունքի վերաբերյալ դիրքորոշման հետ։
Ինչպես ինձ բացատրել են, այդ դիրքորոշումը կարող էր բարդ իրավիճակում դնել կառավարությանը՝ այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո։ Բացի այդ, եպիսկոպոսները շարունակում են մնալ իշխանություններին քննադատող սակավաթիվ անկախ ձայներից մեկը։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ հենց սա կարող էր դառնալ կառավարության և Եկեղեցու միջև հակամարտության պատճառը։
Ես հայ չեմ և ճիշտ չեմ համարում միջամտել երկրի ներքին քաղաքականությանը։ Ես կարող եմ միայն դրսից գնահատել իրավիճակը։ Միևնույն ժամանակ, պետք է ասեմ Հայաստանի ժողովրդին․ երբ Մեծ Բրիտանիայում կամ եվրոպական այլ երկրներում տեղեկություններ են տարածվում եպիսկոպոսների կալանավորման մասին՝ անկախ ներկայացվող պատճառներից, դա անխուսափելիորեն ազդում է Հայաստանի և նրա հեղինակության ընկալման վրա։
Հետևաբար, Հայաստանի կառավարությանն իմ հստակ խորհուրդն է՝ ձեռնպահ մնալ Եկեղեցու գործերին միջամտելուց և դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է ընկալվել որպես Եկեղեցու նկատմամբ հետապնդում», — հայտարարել է Լին։