Եղբայրս դաջվածք չի ունեցել ․ Տիգրան Ստեփանյանի եղբայրը հերքում է ՔԿ ղեկավարին
18 Նոյեմբերի 2026, 17:15
«Եղբայրս 200 տոկոսով դաջվածք չի ունեցել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հոկտեմբերի 31-ին զորամասում հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Տիգրան Ստեփանյանի եղբայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը՝ հերքելով Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հայտարարությունները։
Ռոբերտ Ստեփանյանը «կեղծ» է որակել եղբոր ինքնասպանության վարկածը՝ ընդգծելով, որ դրան ոչ ոք չի հավատում։ Նրա խոսքով՝ ընտանիքը մինչև վերջ հետամուտ է լինելու ճշմարտության բացահայտմանը և պահանջում է արդար քննություն։
«Տիգրանի մահվան մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասել է նա։
Արձագանքելով Արթուր Պողոսյանի այն հայտարարությանը, թե զինված ուժերում ինքնասպանության մի շարք դեպքերի պատճառը եղել է որոշակի աղանդավորական խմբերի հարելը, Ռոբերտ Ստեփանյանը վստահեցրել է, որ իր եղբայրը որևէ աղանդի անդամ չի եղել։ Նա հերքել է նաև ՔԿ ղեկավարի այն պնդումը, թե զինծառայողի մարմնին եղել են դաջվածքներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, բնորոշ են ինքնասպանության հակված անձանց։
«Կա՛մ ինքն է մի բան շփոթում, կա՛մ Դուք։ Շատ բան է ասել։ 200 տոկոս սուտ է։ Եթե նման բան են ասում, պետք է կարողանան դրա պատասխանն էլ տան, կան հիմքեր, ապացույցներ»,- նշել է սևանցի զինծառայողի եղբայրը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն նախորդ շաբաթ հայտնել էր՝ Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, երկուսն էլ կալանավորվել են։
Տիգրան Ստեփանյանը 17-րդ զինծառայողն է, որն այս տարի մահացել է ծառայության հետ կապված հանգամանքներում։ Միևնույն ժամանակ, մի խումբ իրավապաշտպաններ ահազանգում են բանակում արձանագրված ավելի քան երեք տասնյակ ողբերգական դեպքերի մասին։