Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ գործընթացը խախտում է եկեղեցու ինքնավարությունը. Forum 18

05 Օգոստոսի 2026, 20:10

Քաղաքականություն

Նորվեգական «Forum 18» կազմակերպությունը հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների քրեական հետապնդումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, որոնք երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։

Յոթ հոգևորականները մեղադրվում են Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնում չվերականգնելու մեջ՝ չնայած դատարանի որոշմանը: Նրանց սպառնում է տուգանք կամ մինչև երկու տարվա ազատազրկում։

Կրոնի և դավանանքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանն ընդգծել է․ «Պետությունը չի կարող միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին հիերարխիայի հարցերին»։

«Forum 18»-ը նշում է, որ Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն հարցումներին բովանդակային պատասխաններ չեն տվել, իսկ քննչական խմբի ղեկավար Արա Ավագյանն ընդհատել է զրույցը՝ ասելով․ «Ոչինչ մի՛ հարցրեք։ Ցտեսություն»։

Գործընթացն ընթանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ծավալված հակամարտության ֆոնին՝ Եկեղեցու ղեկավարման և ինքնավարության հարցերի շուրջ։

Հիմա եթերում