Ֆրանց Վերֆել․ Առաջին գրողն, ով անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը
10 Սեպտեմբերի 2024, 23:30
Սեպտեմբերի 10-ը ավստրիացի հայտնի գրող, հումանիստ Ֆրանց Վերֆելի ծննդյան օրն է։
Ֆրանց Վերֆելը ծնվել է 1890 թվականին Պրահայում գործարանատիրոջ ընտանիքում։ Նա 20-րդ դարի առաջին կեսին նշանավոր տեղ էր զբաղեցնում ժամանակակից գրողների շրջանում:
Ֆրանց Վերֆելն առաջիններից մեկն է, որ բարձրաձայնել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ 1929 թվականին Սիրիա կատարած ուղևորության ժամանակ գրողի մոտ միտք առաջացավ գրել «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը, քանի որ նա պարզապես չէր կարող անտեսել հայ ժողովրդի սարսափելի վիշտը։ Այս պատմությունը ստիպեց նրան առաջինն անդրադառնալ այդ թեմային և աշխարհին տեղեկացնել 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգության մասին։
Վերֆելը վեպի վրա աշխատել է երկար։ Այն գրելու համար գրողը 3 տարի Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը, ծանոթացել նաև Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող փաստաթղթերի և զրուցել թուրքական կոտորածներից փրկված հայերի հետ:
«Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հրատարակումից հետո Վերֆելի մասին իմացավ գրեթե ողջ աշխարհը։ 1934 թվականի դեկտեմբերին «Time» ամսագիրը «Մուսա լեռան քառասուն օրը» անվանել է «Ամսվա գիրք»։ Հետագայում ստեղծագործությունը թարգմանվել է 34 լեզուներով։
Ֆրանց Վերֆելը կյանքից հեռացել է 1945 թվականի օգոստոսի 26-ին: Նրա մահից հետո ԱՄՆ-ի և Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչները գրողի աճյունը տեղափոխել են Վիեննա՝ կատարելով նրա վերջին կամքը։