Ֆրանցիսկոս Պապը հստակ դիրքորոշում է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. Եզրաս արքեպիսկոպոս
08 Մայիսի 2025, 22:00

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով անձամբ է հանդիպել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, մեկնաբանել է Հռոմի Պապի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին: Նա «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հռոմի պապի «պարզ և աներկբա» դիրքորոշման մասին, որը նա համեմատել է «արյունահոսող վերքի» հետ:
«Նրա խոսքերը, որոնք հնչել են ինչպես պաշտոնական ելույթներում, այնպես էլ Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ, լի էին խորը կարեկցանքով։ Նա ընդգծել է, որ «ոճրագործությունների կոծկումը կամ ժխտումը նման է արյունահոսող վերքի, որը վիրակապված չէ»՝ մատնանշելով հրեշավոր կոտորածների մասին հիշողության պահպանման կարևորությունը՝ որպես ապագայում նման ողբերգությունները կանխելու պայման: Այցի ընթացքում Սրբազան Պապը աղոթք է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ», — «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է Եզրաս արքեպիսկոպոսը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով մահացել է ապրիլի 21-ին, 2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Նա Հայաստան է այցելել 2016 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հանդիպել է նաև Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգների հետ: Նա օրհնել է նրանց, փոքրիկ հուշանվերներ հանձնել, լսել նրանց ընտանիքների փրկության պատմությունները։
«Մենք նկատել ենք կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ուշադրությունը ոչ միայն պատմական ճշմարտության, այլև ժողովրդի կենդանի հիշողության նկատմամբ։ Այցի ավարտին Ֆրանցիսկոս պապը հուշահամալիրի Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի՝ որպես կյանքի և հույսի խորհրդանիշ: Կողքին տեղադրված հուշատախտակի վրա գրված է․ ««Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»։ Դա կարևոր և պատասխանատու ժեստ էր, որը վկայում էր ողբերգության ճանաչման, հոգևոր համերաշխության և այն ըմբռնման մասին, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ոչ միայն պատմական արդարության, այլև մարդկության առջև բարոյական պարտքի հարց է», — ասել է Եզրաս արքեպիսկոպոսը։