Ֆրանսիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գորիսում. Ժան-Նոել Բարո
26 Մայիսի 2025, 15:22
Ֆրանսիան նախատեսում է Գորիսում հյուպատոսություն բացել: Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
«Առաջիկայում Գորիսում կանցկացվի «Ապակենտրոնացված համագործակցություն» հինգերորդ համաժողովը: Դա մեր երկու երկրների միջև բավականին կարևոր համագործակցություն է։ Այն Սյունիքում անցկացնելը նաև քաղաքական ազդանշան է»,-ասել է ԱԳ նախարարը։
Ըստ նրա՝ Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ պարտավորություններ է ստանձնել: Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք հիմք կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների համար։
Ֆրանսիայի արտգործնախարաը նաև ընդգծել է, որ Հայաստանում շուտով իր ներկայացուցչությունը կբացի «Expertise France»-ը՝ միջազգային համագործակցության ֆրանսիական գործակալությունը: