Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ․ Le Figaro

22 Փետրվարի 2024, 15:45

Քաղաքականություն

Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։

Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։

Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն RTL ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ շուտով այցելելու է Հայաստան։

AFP գործակալությունը իր հերթին հայտնել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստան կայցելի փետրվարի 22-ին՝ երկօրյա այցով։