Լիմոժի քաղաքապետարանի հրկիզումը կարող է որակվել որպես ահաբեկչություն
20 Հոկտեմբերի 2026, 14:30
Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, որ Լիմոժ քաղաքի պատմական քաղաքապետարանի շենքի հրկիզումը կարող է որակվել որպես ահաբեկչություն։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։
Ըստ աղբյուրի՝ քաղաքապետարանը մեծամասամբ ավերվել է։ Նշվում է, որ անկարգություններ հրահրողները ներխուժել են շենք և հրկիզել այն՝ չնայած ներսում դեռ մարդիկ են եղել։
«Ազգային հակաահաբեկչական դատախազությունը կարծում է, որ կա հավանականություն՝ սա կարող է լինել կազմակերպված ահաբեկչական գործողություն»,- «Europe 1» ռադիոկայանին և «Cnews» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Դարմանենը։
Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում ավագ դպրոցի աշակերտները դուրս են եկել փողոց՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Հետագայում նրանց են միացել նաև երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, իսկ ցույցերը տարածվել են այլ շրջաններում։
Ամենազանգվածայինը հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային ցույցն էր, որը վերածվել է անկարգությունների և ջարդերի։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։
Բողոքի ակցիաների ֆոնին այդ օրը կողոպտիչները թալանել են են խանութներ, կոտրել ցուցափեղկերն ու տարել ապրանքները, այդ թվում՝ շքեղ ապրանքանիշերի բուտիկներից։ Առավել մեծ վնասներ են գրանցվել Փարիզում և Մարսելում։