Գագիկ Գինոսյան. Ապրել պարով և անմնացորդ սիրել հայրենիքը

07 Փետրվարի 2025, 23:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Գագիկ Գինոսյանը հայ մշակույթի վառ ներկայացուցիչներից է, ականավոր պարուսույց, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, ինչպես նաև Արցախյան պատերազմի մասնակից։ Նրա ազգանվեր գործունեությունը մնալու է մեզ համար ոգեշնչման աղբյուր։

Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Ախալցխայում (Վրաստան): 1980-ականներին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն՝ ընտրելով «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» մասնագիտությունը «Տեխնիկական կիբեռնետիկայի» ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել է ուսումը։

90-ականների վերջին Գագիկ Գինոսյանն ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։ Այս ճանապարհը նրան տարել է առաջնագիծ. Գինոսյանը դարձել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

Կռվելով «Ազատագրական բանակի» ջոկատի կազմում՝ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ, այնուհետև մահապարտների «Արծիվ» գումարտակի կազմում՝ Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Բերձորի և Քարվաճառի մարտերում ցուցաբերել է արիություն և անձնուրացություն։ 2020 թվականին նա կրկին վերադարձել է մարտի դաշտ՝ կամավոր մասնակցելով Արցախի պաշտպանությանը:

Բայց միայն պատերազմը չէր, որ դարձավ նրա ճակատագրի մի մասը։ Գագիկ Գինոսյանը երկար տարիներ իր կյանքը նվիրել է պարարվեստին: Նա պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Հետագայում հիմնադրել և ղեկավարել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

Գագիկ Գինոսյանը ոչ միայն պարում էր, այլև ուսումնասիրում պարերի պատմությունը։ Նա շրջել է տարբեր գյուղերով, փնտրել տարիքով մարդկանց, որոնք հաճույքով կիսվել են իրենց գիտելիքներով։ Տեսանյութերի շնորհիվ նրան հաջողվել է վերականգնել 36 ավանդական պար, որոնց առաջին կատարողը եղել է «Կարին» համույթը։

«Նա իր կյանքը նվիրել է հայրենիքին, նրա պաշտպանությանը, կրթությանը և մշակույթին։ Նա, ինչպես մեծն Նժդեհը, ազգի ու հողի միասնության ամուր ջատագովն էր՝ օրինակ ծառայելով բոլորին՝ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերունդներին». այսպես են նկարագրում Գագիկ Գինոսյանին նրան ճանաչողները։

Գագիկ Գինոսյանը մահացել է 2024 թվականի փետրվարի 6-ին։