«Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը անվերապահորեն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Սամվել Լուլուկյան

08 Մայիսի 2024, 13:00

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը հայտնել է, որ իրենք անվերապահորեն աջակցում են «Տավուշը հանուն հայրենիիք» շարժմանը.

«Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը անվերապահորեն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Սա ժողովրդի ձայնն է, իրոք այստեղ պայքար է գնում արդարության համար, և այստեղ ժողովրդի դժգոհությունն է՝ ուղղված ստեղծված իրավիճակին՝ անօրինական սահմանազատման և սահմանագծման գործընթացին: Սրա մեջ տեսնում ենք երկրի անվտանգության համակարգի փլուզումը ու Հայաստանի պետականության կորստի վտանգը»,- ասել է Լուլուկյանը:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ սա ամբողջ հայության հարցն է, դրա համար պիտի ոտքի կանգնեն բոլորը.

«Այստեղ միայն Տավուշի կամ Հայաստանի հարցը չէ: Սա համահայկական հարց է, ողջ հայության հարցն է: Ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի ու աջակցի այս շարժմանը, որովհետև սա ժողովրդի ձայնն է: Սա հոգևոր շարժում է ու շատ կարևոր է աջակցել այս շարժմանը»,- ընդգծել է Սամվել Լուլուկյանը:

Նա տեղեկացրել է, որ Europeans for Artsakh-ը ակցիաներ է կազմակերպում Եվրոպայի տարբեր քաղաքներում: Օրն արդեն նշանակված է՝ մայիսի 12-ին ակցիաներ կլինեն տարբեր քաղաքներում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման: