Գևորգ Պապոյանը Ալմաթիում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի հետ
13 Օգոստոսի 2026, 22:40
Ալմաթիում տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հանդիպումը։
Զրուցակիցները քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը և լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը առանցքային նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։