Գևորգ Խամոյանը որևէ քաղաքական ուժի անունից բարեգործություն չի իրականացրել. փաստաբան

22 Հունիսի 2026, 19:20

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր քննարկվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գևորգ Խամոյանի խափանման միջոցի հարցը։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մայիսի 25-ից կալանքի տակ գտնվող Խամոյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Գևորգ Խամոյանին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով, սակայն պաշտպանական կողմն այս մեղադրանքը բացարձակ անհիմն և անհեթեթ է որակում։

Դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Գևորգ Խաչիկյանը հայտնեց, որ իրենք ոչ մի կերպ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, քանի որ իրականացված աշխատանքը որևէ կապ չունի քաղաքականության կամ ընտրական գործընթացների հետ։

«Գևորգ Խամոյանը կուսակցության անդամ չի հանդիսացել և որևէ քաղաքական ուժի անունից բարեգործություն չի իրականացրել։ Այդ մարդասիրական գործունեությունը նոր չէ. այն սկսվել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։ Տարիներ շարունակ օգնություն է տրամադրվել Պաշտպանության նախարարությանը, Արցախի Հանրապետությանը և մեր արցախցի հայրենակիցներին, ինչը շարունակվել է նաև 2023 թվականի բռնագաղթից հետո»,-ընդգծել է փաստաբանը։

Նրա փոխանցմամբ՝ աջակցությունն իրականացվել է «Միացեք հայեր» խմբի կողմից, որն ունի բացառապես մարդասիրական և բարեգործական գործառույթներ։ Դա բացարձակապես ապաքաղաքական նախաձեռնություն է, որտեղ ներգրավված են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձինք, ինչպես նաև անկուսակցականներ։

«Այդ ամենը բերել և ինչ-որ քաղաքական ուժի կամ ընտրությունների հետ կապելն ուղղակի աբսուրդ է։ Այս ընթացքում մենք աշխատել ենք, հավաքել ենք բոլոր անհրաժեշտ փաստերն ու ապացույցները և դրանք կներկայացնենք դատարանին»,- նշել է փաստաբանը։

Պաշտպանական կողմը հույս է հայտնել, որ դատավորը կցուցաբերի օբյեկտիվություն և կկայացնի բացառապես արդարացի որոշում՝ մերժելով կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Դատարանի վերջնական որոշումը պարզ կդառնա քիչ անց։

Հիմա եթերում