Գևորգյան հոգևոր ճեմարան դիմելիության թիվը ուղիղ համեմատական է երկրում տիրող իրավիճակին. Հայր Շահէ

17 Օգոստոսի 2023, 23:00

Կրթություն

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հայր Շահէ ծայրագույն վարդապետ Անանյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է ճեմարանում առկա խնդիրների և վերջին տարիներին ունեցած ձեռքբերումների մասին:

«Պարբերաբար շարունակվում են ճեմարանի կրթական, ուսումնական ծրագրերի համապատասխանեցումը համալսարանականա կարգավիճակին: Վստահ եմ, որ մյուս տարի՝ ճեմարանի 150 ամյակին ընդառաջ, կունենանք նոր ու բարելավված ծրագիր և ռազմավարություն»,-ասում է նա:

Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, ըստ էության, Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Այն գործում է 1874 թվականից: Ճեմարանը վերջին տարիներին ոլորտային նախարարության կողմից ստացել է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ:

«Մյուս տարի նշելու ենք ճեմարանի հիմնադրման 150 ամյակը: Նոր և բարդ ժամանակներին համապատասխան՝ մենք բարելավում ենք կրթությունը ճեմարանում»,-ասում է Հայր Շահէ ծայրագույն վարդապետ Անանյանը: Նա նշում է, որ պետությունը ճեմարանին լիազորել է ունենալ նաև ասպիրանտուրայի բաժին:

Հայր Շահէն ընդգծում է, որ համալսարանի հիմնական նպատակը հոգևորականներ պատրաստելն է, որոնք ունենք աստվածաբանության մագիստրոսի գիտական աստիճան եւ հետագայում կարող են Աստծո խոսքը փոխանցել ժողովրդին:

Շրջանավարտները կարող են լինել ամուսնացյալ և կուսակրոն: Ոչ բոլոր շրջանավարտներն են, որ ցանկանում են հոգևորական դառնալ: Այդպիսի մարդկանց համար էլ գործում է ասպիրանտուրայի բաժինը:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս դժվարին ժամանակներում, երբ զգալիորեն նվազել է ուսանողների քանակը Հայաստանի Հանրապետությունում, մենք ունենանք համապատասխան թվով հոգևորականներ, ուսանողներ ,որոնք հասկանում են, թե ինչ է քահանայությունն ու հոգևորականի ծառայությունը»,- բացատրում է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը:

Նա հիշեցնում է, որ ճեմարանը գիշերօթիկ հաստատություն է: Ունի վանական կյանքին բնորոշ որոշ հատկություններ: Ուսումնառությունը 4 տարի է՝ աստվածաբանության բակալավրիատի համար, և երկու տարի՝ աստվածաբանության մագիստրատուրայի համար: Դասախոսները կամ հումանիտար՝ հայագիտական ոլորտից են, կամ էլ աստվածաբանական-փիլիսոփայական:

«ԵՊՀ-ից, Մանկավարժականից, Մատենադարանից կան դասախոսներ, որոնք ճեմարանն ավարտած հոգևորականներ են՝ գիտական բարձրագույն որակավորմամբ: Աստվածաբանական առարկաների ոլորտում, իհարկե, գերակշռում են հոգևորականները: Ունենք նաև շատ լավ պատրաստված աշխարհականներ, որոնք նաև կրոնագիտական առարկաներ են դասավանդում»,- ընդգծում է Հայր Շահէն:

Ընդունելության քննությունները, նոր կանոններին համապատասխան, անցկացվում են երկու փուլով: Այժմ ընացքի մեջ է երկրորրդ փուլը: «Մոտավորապես 10-11 ուսանող էլ ունենալու ենք երկրորդ փուլում»,- ակնկալում է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը՝ հավելոլվ, որ ամեն ինչ կախված է ուսանողների ստացած գնահատականներից:

«Ուսանողների թիվը, նախորդ տարիների համեմատ, նվազել է»,- արձանագրում է Հայր Շահէ ծայրագույն վարդապետ Անանյանը: Նրա բնորոշմամբ՝ այդ պատկերը ուղիղ համեմատական է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին: Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը, միևնույն ժամանակ, արձանագրում է՝ դիմելիության հարցում, հատկապես, ակտիվություն է նկատվում Սփյուռքից:

Հիմա եթերում