Գիտնական Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել ատոմների կառուցվածքի մասին դասախոսությամբ

10 Փետրվարի 2025, 14:23

Կրթություն | Հայեր

Մոսկվայի պետական համալսարանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել համառուսաստանյան առցանց դասախոսություններ, որի շրջանակներում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել ատոմների կառուցվածքի մասին դասախոսությամբ։

Համալսարանը համառուսաստանյան առցանց դասախոսությունն անցկացրել է՝ ի պատիվ Ռուսաստանի գիտության օրվա։ Հեռարձակումը տեղի է ունեցել «Գիտնականները՝ դպրոցներում» ակցիայի շրջանակներում։

Հիշեցնենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի անունով է կոչվել պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ Oganesson (Оg): Նա դարձել է առաջին ռուս գիտնականը, որի անունով իր կյանքի ընթացքում կոչվել է քիմիական տարր։ Այսօր այն պարբերական համակարգի ամենածանր և վերջին քիմիական տարրն է:

Գիտնականը դարձել է Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի առաջին դափնեկիրը: Նա նաև հիմնել է Oganesson մրցանակն՝ ի աջակցություն գիտնականների և գիտությունը մասսայականացնողների։