Գործող իշխանությունը հեռացնում է քաղաքական այն մրցակիցներին, որոնք ընտրական վտանգ են ներկայացնում․ Անդրեյ Պերլա
17 Ապրիլի 2026, 21:45
Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում ընտրություններից առաջ ընդդիմության զանգվածային ձերբակալությունների, ինչպես նաև Երևանում սպասվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի մասին։
«Գործող իշխանության անվստահությունը վերաբերում է հենց ընտրական իրավիճակին և նախընտրական գործընթացին։ Եթե ենթադրենք, որ Հայաստանի կառավարությունն ու գործող վարչապետն ունեն որևէ մարտավարություն և հետևում են դրան, ապա այդ մարտավարությունը կայանում է նրանում, որ հետևողականորեն քաղաքական դաշտից հեռացվեն բոլոր այն ընդդիմախոսները, որոնք կարող են ընտրական տեսանկյունից վտանգ ներկայացնել նրա համար։
Այս տեսանկյունից հետաքրքիր են երկու ուղղություն՝ ընդդիմության նկատմամբ շարունակական ճնշումները և ընտրական օրենսդրության փոփոխությունները, որոնք սահմանափակում են անկախ դիտորդների հնարավորությունները և մեծացնում ոչ թե ուղղակի ձայների կեղծման, այլ սխալ լրացված քվեաթերթիկները հաշվարկից դուրս թողնելու հնարավորությունները։ Հենց վերջին փոփոխությունը, քվեարկության արդյունքները կառավարելու տեսանկյունից, ինձ թվում է՝ գլխավորն է այն մարտավարության համար, որն այժմ իրականացնում է իշխանությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխող կուսակցությունը, քանի որ այն կառավարում է հենց խորհրդարանում մեծամասնություն ունենալու շնորհիվ։
Քաղաքական դաշտի կառավարելիությունը մեծացնելու գրեթե յուրաքանչյուր հաջորդ քայլով նրանք ուժեղացնում են հայ ընտրողի դժգոհությունը Հայաստանի գործող կառավարության նկատմամբ։ Պետք չէ հայկական մշակույթի մեծ գիտակ լինել, որպեսզի ասվի, որ բազմազավակ մոր ձերբակալությունն ինքնին չափազանց բացասաբար է անդրադառնում իշխանության հեղինակության վրա Հայաստանում, նույնիսկ եթե նա իսկապես մեղավոր է ինչ-որ բանում։ Իսկ եթե նրա մեղքը, մեղմ ասած, ակնհայտ չէ ընտրողի համար, ապա հասարակության դժգոհությունն ուժեղանում է»,-նշել է Պերլան։
Քաղաքագետի կարծիքով՝ այսօր ականատես ենք պարադոքսալ գործընթացի․ մի կողմից Փաշինյանի կառավարությունն իսկապես մեծացնում է իրավիճակի կառավարելիությունը, մյուս կողմից՝ հենց իր գործողություններով վատթարացնում է իր հաղթելու հնարավորությունները։