Գուցե ինչ-որ մեկին դուր չի եկել իմ սկզբունքայնությունը․ Կլինցևիչը՝ Հայաստան մուտքի արգելքի մասին

28 Հունիսի 2025, 23:36

Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր և Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ի հետ բացառիկ զրույցում մեկնաբանել է իր՝ Հայաստան մուտքի արգելքը և նշել, որ չափազանց զարմացած է:

«Այո, դա տեղի է ունեցել ամսի 27-ին՝ ժամը 19։10-ին, Երևանի օդանավակայանում։ Սահմանային հսկողության ժամանակ ինձ ձերբակալել են և հայտնել, որ ես մուտքի իրավունք չունեմ։ Ես շատ զարմացա՝ Հայաստանը միշտ համարել եմ իմ սիրելի երկիրը, շատ ընկերներ ունեմ, միշտ պաշտպանել եմ Հայաստանը։ Դա ինձ, խոստովանեմ, տխրեցրեց։ Միգուցե ինչ-որ մեկին դուր չի եկել իմ սկզբունքայնությունը. ես միշտ օբյեկտիվ կարծիք եմ հայտնում։ Բայց իմ այցը զուտ սոցիալական բնույթ էր կրում։ Հատկապես ցավալի է, որ մայիսի 28-ին մենք Հայաստանում բացեցինք հետխորհրդային տարածքում Աֆղանստանում զոհվածների միակ հուշարձանը բոլոր 15 միութենական հանրապետություններից՝ այբբենական կարգով, առանց կոչումների տարբերության։ Եվ, ճիշտն ասած, բոլոր հանրապետություններից հուշարձանի համար միջոցներ են հատկացրել միայն Ռուսաստանն ու Հայաստանը։ Ես եկել եմ Հայաստան, որպեսզի շնորհակալություն հայտնեմ ընկերոջս, ով շատ է օգնել այս նախագծին։

Ծրագրել էի նաև հանդիպել հայ վետերաններին, շնորհակալություն հայտնել նրանց։ Բայց չստացվեց։ Ինչու՞։ Կարծում եմ՝ պատճառը հայաստանյան ներքին գործընթացներն են, որոնք, իմ կարծիքով, սխալ ուղղությամբ են գնում։ Կարգուկանոն կարելի է հաստատել ընդդիմության հետ, կարելի է հանցավորության հետ, բայց չի կարելի միջամտել եկեղեցու գործերին։ Ավաղ, աշխարհում դրանով այժմ զբաղվում են միայն երկու երկրներ՝ Ուկրաինան և, ինչպես պարզվեց, Հայաստանը։ Բայց Աստված նրանց դատավորն է։

Ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ հայ ժողովրդին։ Մաղթում եմ բոլորիդ երջանկություն և առողջություն: Ոչ մեկի վրա չարություն չեմ պահում: Շնորհակալ եմ նրանց, ովքեր կարեկցանք և հասկացողություն ցուցաբերեցին, մինչ ես յոթ ժամ գտնվում էի վերահսկողության տարածքում: Մնացածը լավ է. ողջ եմ, առողջ, և արդեն տանը: Բոլորին առողջություն և տոկունություն»,- ասել է Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին: