Գտնվելով գոյատևման պայմաններում՝ մենք փորձում ենք ապրել. Կրիկորովա

23 Օգոստոսի 2023, 00:10

Կարծիք | Քաղաքականություն

Alpha Newsուղիղ եթերում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան ընդգծել է, որ արցախցիները շատ համառ են, և այդ համառությունը շատ է օգնում հաղթահարել բոլոր դժվարությունները և օգնել միմյանց:

«Ես կարգախոսներով չեմ խոսի, այլ կասեմ ճշմարտությունը։ Այո՛, այդպիսի տրամադրություն չկա, իբրեւ թե, բոլորս կորած ենք, ելք չկա, հանձնվում ենք կամ հեռանում։ Ես նման խոսակցություններ չեմ լսում։ Երևի ավելի գունեղ կլինի մի քանի օրինակ բերել։ Օրինակ՝ ես տեսնում եմ, թե ինչպես են հարևաններս ամեն օր ձմռան համար փայտ հավաքում, ինչպես են ընկերուհիներս չոր մրգեր պատրաստում այն սեզոնային մրգերից, որոնք այսօր կան, պատրաստում են հոնի կոմպոտ։ Մարդիկ պատրաստվում են ձմռանը:

Մենք հասկանում ենք, որ եթե իրավիճակը չփոխվի, մեզ դժվար ձմեռ է սպասվում: Բայց մենք պատրաստվում ենք դրան, քանի որ նախատեսում ենք այստեղ երջանիկ ապրել:

Այո՛, իհարկե, հոգեբանորեն շատ դժվար է։ Շատ հաճախ մեկնաբանների շուրթերից այնպիսի խոսքեր են հնչում, որ Արցախը սովի եզրին է։ Ես ուզում եմ ասել, որ Արցախը սովի եզրին չէ, Արցախում սով է։

Բոլորը տարբեր կերպ են հասկանում քաղցը, բայց ես մեկ օրինակ կբերեմ. շատ մարդիկ չեն հագենում, նույնիսկ, ուտելուց հետո: Այսինքն, նրանք կորցրել են հագեցվածության զգացումը, դա արդեն հոգեսոմատիկա է կոչվում:

Նման իրավիճակները մարդու մեջ բացահայտում են կա՛մ լավագույնը կա՛մ ամենավատը: Բայց ես չէի ասի, որ նույնիսկ այսօր ես տեսնում եմ ինչ-որ ավելի վատ հատկությունների դրսևորում, ընդհակառակը, ես տեսնում եմ շատ գեղեցիկ արարքներ:

Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր վերջին բանով կիսվում են միմյանց հետ: Բոլորը բարոյապես աջակցում են միմյանց։ Ղարաբաղցիները շատ համառ են, և այդ համառությունը մեզ շատ է օգնում։

Մենք, գտնվելով գոյատևման պայմաններում, փորձում ենք ապրել։ Եվ դա մեր գլխավոր խնդիրն է», — նշել է Ժաննա Կրիկորովան։