Գյուղտեխնիկայի տրամադրում և աշխատատեղեր. «Ուժեղ Հայաստան»-ը հանդիպել է Գարգառի բնակիչներին

18 Հուլիսի 2026, 23:29

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են Լոռու մարզի Գարգառ համայնք, զրուցել բնակիչների հետ և տեղում ծանոթացել գյուղի հրատապ խնդիրներին։

Գարգառցիները Նարեկ Կարապետյանի հետ զրույցում նշել են, որ գյուղի ամենագլխավոր խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, ինչի պատճառով երիտասարդները ստիպված մեկնում են Ռուսաստան՝ աշխատելու։ Ըստ բնակիչների՝ ժամանակին գյուղում շուրջ 500 կին աշխատանք ուներ։ Բացի այդ, գյուղացիները ցանկություն են հայտնել ունենալ բարեկարգ ու գեղեցիկ խաղահրապարակ, որպեսզի երեխաները կարողանան հետաքրքիր անցկացնել իրենց ամառային արձակուրդները և տարված չլինեն միայն հեռախոսներով։ Քննարկվել է գետի ափին գտնվող հարմար տարածքը բարեկարգելու և այնտեղ խաղային ատրակցիոններ տեղադրելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են նաև գյուղտեխնիկայի՝ մասնավորապես տրակտորի անհրաժեշտության հարցը։

Արձագանքելով բնակիչների խնդրանքին՝ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է իրենց մոտեցումը։ Նա նշել է, որ նախատեսում են տրակտոր և կոմբայն տրամադրել ամբողջ խոշորացված համայնքին, որպեսզի տեխնիկան հավասարապես սպասարկի բոլոր գյուղերին՝ թե՛ Գյուլագարակին, թե՛ Կուրթանին և թե՛ Գարգառին։

Կուսակցության ներկայացուցիչը խոստացել է առաջիկայում բերել առաջին տեխնիկան, որից հետո նորից կայցելեն համայնք՝ բնակիչների կարծիքներն ու դիտարկումները լսելու համար։

Հիմա եթերում