Համաշխարհային բանկը կանխատեսում է պարենամթերքի գների հետագա աճ․ հիմնական պատճառները

28 Հոկտեմբերի 2026, 23:38

Տնտեսություն և Բիզնես

Համաշխարհային բանկը կանխատեսում է պարենամթերքի համաշխարհային գների հետագա աճ, ինչը պայմանավորված է հացահատիկի մատակարարումների խափանումներով, անբարենպաստ եղանակային պայմաններով, ինչպես նաև վառելիքի և պարարտանյութերի թանկացմամբ։ Այս մասին հաղորդում է «dpa» լրատվական գործակալությունը։

Ըստ կազմակերպության կանխատեսումների՝ 2026 թվականին սպասվող շուրջ 10% աճից հետո, 2027 թվականին պարենամթերքը կարող է թանկանալ ևս 7%-ով։

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ էներգակիրների գներն ընթացիկ տարում կաճեն գրեթե մեկ երրորդով, սակայն 2027 թվականին կսկսեն նվազել։ Ընդհանուր առմամբ, հումքային ապրանքները 2026 թվականին կարող են թանկանալ 23%-ով, ինչից հետո դրանց գները նույնպես նվազման միտում կդրսևորեն։

Գների կտրուկ աճի հիմնական պատճառներից մեկը դարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, որի հետևանքով գրեթե դադարեցվել են հումքի փոխադրումները Հորմուզի ռազմավարական նեղուցով։ Հակամարտության մեկնարկից ամիսներ անց էլ այս երթուղով նավագնացության ծավալները շարունակում են զգալիորեն զիջել նախապատերազմյան մակարդակին։

Համաշխարհային բանկի կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ համաշխարհային մատակարարումների վրա ազդող հակամարտություններն էապես չեն սրվի։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նախազգուշացնում է, որ էներգակիրները կարող են ավելի թանկանալ, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունն ընդլայնվի, իսկ ռուսական նավթային ենթակառուցվածքներին հասցված վնասների հետևանքները պահպանվեն։

Լրացուցիչ ռիսկի գործոններ են էներգիայի՝ սպասվածից բարձր գներն ու «Էլ Նինյո» եղանակային երևույթի ակտիվացումը։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ այս գործոնների համադրությունը կարող է հանգեցնել գլոբալ պարենային ճգնաժամի և ավելացնել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը։

Հավելենք, որ ծայրահեղ աղքատություն է համարվում օրական 3 դոլարից պակաս եկամտով ապրելը։ Կազմակերպության տվյալներով՝ ներկայում աշխարհում նման պայմաններում է գտնվում մոտ 811 միլիոն մարդ։