Համազասպ Բաբաջանյան. Մեծ հայրենականի հայ մարշալը
26 Ապրիլի 2025, 23:05

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Համազասպ Բաբաջանյան` խորհրդային զորահրամանատար, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ և Խորհրդային Միության հերոս:
Ծնվել է 1906 թվականի փետրվարի 18-ին Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու (Խաչիսար) գյուղում։ 1925 թվականին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ Ակադեմիական կրթություն ստանալուց հետո զինվորականը նշանակվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, 1938 թվականին՝ գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ)։ Մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից Բաբաջանյանը գտնվել է ռազմական գործողությունների կիզակետում։ 1941 թ-ին փոխադրվել է ԽՍՀՄ արևմտյան սահման, որտեղ էլ բանակը դիմավորում է թշնամուն: Նույն տարվա աշնանը նրան է վստահվում 395-րդ հետևակային գնդի հրամանատարությունը: 1942 թվականին նա ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները, նույն ժամանակահատվածում էլ նրան նշանակում են 3-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար:
Նրա անսասան ղեկավարությամբ զորքերը ազատագրել են Արևմտյան Ուկրաինայի քաղաքները։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Նույն թվականի օգոստոսին նա ծանր վիրավորվել է, սակայն դա չի խանգարել նրա մարտական կարիերային։ 1944 թ-ի օգոստոսից մինչև պատերազմի ավարտը եղել է 1-ին տանկային բանակի 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատարը: 1945 թ-ի սկզբին կորպուսը 1-ին բելառուսական ռազմաճակատում մասնակցել է Վիսլա-Օդեր ռազմական գործողությանը, մարտին՝ 2-րդ բելոռուսական ռազմաճակատում` Հյուսիսային Պոմերանիայում թշնամու ուժերի ջախջախմանը և Բեռլինի գրոհին: Համազասպ Բաբաջանյանի տանկային կորպուսը առաջիններից էր, որ մտավ Բեռլինի արվարձաններ: Նրա կորպուսի տանկերն ուղղակիորեն հարվածում էին Ռեյխստագը: 1945 թվականի մայիսի 2-ին նրա տանկերը վերջին համազարկը տվին Ռայխստագի մոտ:
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Համազասպ Բաբաջանյանը շարունակել է ծառայությունը՝ ղեկավարելով տանկային ստորաբաժանումներ, ապա դարձել Խորհրդային բանակի զրահատանկային զորքերի պետ։
Զրահատանկային ուժերի գլխավոր մարշալը, տաղանդավոր ստրատեգը և անզիջում առաջնորդը մեծ հետք է թողել պատմության մեջ։
Համազասպ Բաբաջանյանը մահացել է 1977 թվականի նոյեմբերի 1-ին Մոսկվայում՝ անմահացնելով իր անունը սերունդների հիշողության մեջ։