Համոզված եմ՝ Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն ազգային ինքնությունն ու հոգևոր արժեքները․ Վլադիմիր Պուտին
24 Ապրիլի 2026, 12:33
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև՝ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի։ Անպաշտպան մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, որոնց սպանեցին, վիրավորեցին, վտարեցին իրենց հայրենի քաղաքներից ու բնակավայրերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը։
Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը դատապարտվել է որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն պատմության նոր փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։
Մենք համոզված ենք, որ մարդկանց ազգային պատկանելության հիմքով զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում, իսկ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։
Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած դժբախտությունը համախմբեց մարդկանց, որոնք ցուցաբերեցին ավանդույթներին ամուր հավատարմություն, իմաստություն և քաջություն։ Համոզված եմ, որ այսուհետ ևս Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները։
Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարօրություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- ասված է Պուտինի ուղերձում։
