Հանձնեցին Արցախը, հիմա Ռուսաստանից ազատվելու հերթն է. սա Արևմուտքի ծրագիրն է․ Արթուր Խաչիկյան
28 Մարտի 2024, 21:45
Ադրբեջանում կա, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի համայնք, և այդ համայնքն ունի ղեկավարներ։ Այդ Արևմտյան Ադրբեջանը մենք ենք։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Այնտեղ կա մի կազմակերպություն, որը ներկայացնում է Արևմտյան Ադրբեջանը, այսինքն՝ Հայաստանի տարածքը։ Մենք դրա մասին մտածու՞մ ենք, անհանգստանու՞մ ենք, թե ոչ։ Արցախի պետական մարմինները տարածք չունեն, և դա նորմալ չէ, բայց ինչի մասին է պետք հիմա խոսել։ Տեղահանվեց 120․000 մարդ, որևէ մեկը դա հիշու՞մ է, մեր կառավարությունը այդ հարցը բարձրացնու՞մ է, խոսու՞մ է այն մասին, թե ոնց պետք է այդ մարդիկ հետ վերադառնան իրենց տները, ինչ երաշխիքներ պետք է ստանան։ Տպավորություն է՝ այս 35 տարին չի եղել, մենք չենք տեսել մեր մղած պայքարը Արցախի համար։ Այս հարցերն է պետք բարձրացնել և դրանց ուղղությամբ աշխատել։ Օգտագործելով մեր դիվանագիտական սխալները՝ Ադրբեջանը առաջ է գնում և նոր պահանջներ ներկայացնում»,- ասաց Խաչիկյանը։
Նա ընդգծեց՝ Արցախի իշխանությունների հայտարարություններին Փաշինյանի կոշտ արձագանքերը հրահանգված են Եվրոպայից։
«Ես կարող եմ ենթադրել, որ ճնշում է գործադրվում Արևմուտքի կողմից, դրա համար էլ Փաշինյանը կոշտ է վերաբերվում Արցախի իշխանությունների հայտարարություններին։ Սա Արևմուտքի ծրագիրն էր։ Մի մոռացեք, որ այդ մարդիկ մինչ իշխանության գալը միշտ կրկնում էին և մարդկանց սովորեցնում, որ եթե ուզում եք լավ ապրել, պետք է հանձնեք Արցախը և ազատվեք Ռուսաստանից։ Հանձնեցին Արցախը, հիմա Ռուսաստանից ազատվելու հերթն է։ Իսկ հիմա նայեք Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի դիվանագիտությանը․ նրանք և Արևմուտքի հետ են լավ հարաբերությունների մեջ, և՛ Մոսկվայի։ Այս երկրները թույլ չեն տալիս, որ իրենց խաղաքարտ դարձնեն։ Իսկ մենք, քանի որ չունենք դիվանագիտություն, դարձել ենք խաղալիք։ Իհարկե ճիշտ է Եվրոպայի հետ լավ հարաբերություններ հաստատելը, բայց ոչ ի վնաս մեր ու Ռուսաստանի հետ հարաբերությունների»,- եզրափակեց Խաչիկյանը։