«Հանձնել էր պետք՝ հանձնեցիր, արդարացնել էր պետք՝ արդարացրեցիր»․ Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին
02 Հուլիսի 2026, 16:10
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանն իր վերջին հայտարարության մեջ խիստ քննադատության է ենթարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով խորհրդարանի ղեկավարի գործունեությանը, քաղաքական քայլերին և արտաքին ուժերի հնարավոր ազդեցություններին խորհրդարանում։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ տեղի ունեցող զարգացումներն ու կայացվող որոշումներն արդար չեն, և էմոցիոնալ անդրադարձ է կատարել ԱԺ նախագահի անցած քաղաքական ուղուն և օրենսդրական նախաձեռնություններին։
«Ալե՛ն Ռոբերտիչ, ընդհանրապես արդար չէ այս ամեն ինչը։ Չես պատկերացնում՝ տեղս չեմ գտնում։ Ախր, հանձնել էր պետք՝ հանձնեցիր, արդարացնել էր պետք՝ արդարացրեցիր, պարել էր պետք՝ պարեցիր, խաղամոլության օրենքն անցկացրեցիր… Չգնահատվեց»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասել է Նարեկ Կարապետյանը։
Նրա պնդմամբ՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում հարևան երկրներն այլևս չունեն զսպող մեխանիզմներ և Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում փնտրում են ուղղակի ազդեցության լծակներ։
«Հարևան երկրին արդեն պետք է իրենց ներկայացուցիչը, իրենց վերակացուն այստեղ։ Ու Հայաստանի բարձրագույն մարմնում՝ Ազգային ժողովում, իրենց պետք է ոչ թե իրենց հաճոյացող, այլ հենց իրենց մարդը։ Ու այդ մարդուն էլ բերեցին Ազգային ժողովի նախագահ, ինչի մասին մենք նախապես զգուշացրել էինք»,- եզրափակել է կուսակցության անդամը։