Հանրաքվե անպայման տեղի կունենա․ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
24 Օգոստոսի 2026, 12:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը։
«Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, և, վստահ եմ, Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Խնդիրը ժամկետն է, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային»,- ասել է վարչապետը և հավելել, որ ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ պրոցեսի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան։
Նրա խոսքով՝ հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի, և հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իրատեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ։
«Առաջիկայում մենք պետք է սկսենք գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ-ի մեր գործընկերներին ականջալուր լինելով»,- շեշտել է վարչապետը և հավելել․
«Մենք հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»։