ՀԱՊԿ երկրների առաջնորդները նոյեմբերի 11-ին կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցով
23 Հոկտեմբերի 2026, 10:00
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նոյեմբերի 11-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Անդրադառնալով կազմակերպությունից Երևանի հնարավոր դուրս գալու հարցին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե այդ հարցը ներառվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, ապա նման որոշում կարող է կայացվել։
«Առաջարկը սովորաբար ներկայացնում է կամ նախագահող երկիրը, կամ մեկ այլ պետություն։ Այսինքն՝ պետության ղեկավարը՝ Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկը»,- ասել է նա։
«Փաստացի տեղի ունեցողը կարելի է դիտարկել որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառում։ Այն նշանակում է, որ անդամավճարները չվճարելու և քվոտային պաշտոնները չզբաղեցնելու դեպքում ձայնի իրավունքը բացակայում է»,- ընդգծել է Մասադիկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարծես թե չի քննարկում այդ հարցը և չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է ամեն շաբաթ մասնակցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստերին, որտեղ ներկա են անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները։
«Հայաստանի ներկայացուցիչը լսում է, հավանաբար՝ զեկուցում իր մայրաքաղաքին, թե ինչ ենք քննարկում, ինչ որոշումներ են ընդունվում, ավելին՝ տեղեկացնում է քննարկվող բոլոր հարցերի և հնարավոր որոշումների մասին»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա Մոսկվայում։