ՀԱՊԿ-ը ցանկանում է ցրել մառախուղը Հայաստանի հետ հարաբերություններում. Անդրեյ Կոշկին
18 Ապրիլի 2024, 00:57
Ռուսաստանի Պլեխանովի անվան համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, ռազմական քաղաքագետ Անդրեյ Կոշկինը Alpha News-ին մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, թե կազմակերպությունը ցանկանում է, որ Հայաստանը հստակություն մտցնի կազմակերպությունում հետագա աշխատանքի մեջ, քանի որ դա շահավետ կլինի պլանավորման հարցերում։
Ըստ փորձագետի՝ ՀԱՊԿ-ը հարցը դնում է միանգամայն ուղիղ, և դա ճիշտ է։
«Կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ ՀԱՊԿ-ը հարցը դնում է բավականին ուղիղ և, ինձ թվում է, կոշտ: ՀԱՊԿ-ը բացատրություն է խնդրում, թե ինչպես է իրեն դիրքավորում Հայաստանը: Իսկ Հայաստանը, ըստ ամենայնի, շարունակում է մնալ այնպիսի ռեժիմում, որ դեռ պատրաստ չեն պատասխանելու։ Իրավիճակն այդքան էլ կառուցողական չէ: Բայց ես դեռ կցանկանայի, որ Հայաստանը գտնվեր Ռուսաստանի և ՀԱՊԿ երկրների հետ սերտ և փոխշահավետ համգործակցության դաշտում»,- ասել է Կոշկինը։
Փորձագետի կարծիքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը կարող է ապահովել Ռուսաստանը կամ Իրանը, մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել։
«Նրանք, ովքեր ցանկանում են դուրս մղել Ռուսաստանին, ձգտում են դեպի այս տարածաշրջանը, դրանք ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն են, որոնք ցանկանում են ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ։ Ես կողմ եմ այս տարածաշրջանի կայունությանը, իսկ տարածաշրջանի կայունությունն այս դեպքում կա՛մ Իրանն է, կա՛մ Ռուսաստանը, որը վերահսկում է իրավիճակը, միայն այս դեպքում իրավիճակը տարածաշրջանում կարող է մեծապես կայուն լինել։ Եթե նրանք հիմա սկսեն փորձել դուրս մղել Ռուսաստանն այս տարածաշրջանից, դա լուրջ ապակայունացում կառաջացնի։ Եվ ես չեմ բացառում, որ նրանք նույնիսկ գնան ինչ-որ զինված բախումների ճանապարհով։
Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը հարցը դնում է այսպես՝ ելնելով իրավիճակից՝ մառախուղը ցրելու համար։ Հույս կա, որ Հայաստանում կգերիշխեն բանականությունը, հեռանկարը և ըմբռնումը։ Հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, նրանք բոլորը պաշտպանում են այն կարծիքը, որ Հայաստանին անհրաժեշտ է համագործակցել Ռուսաստանի հետ: Սա է Հայաստանի զարգացման ճանապարհը։ Սա այն մարդկանց կարծիքն է, որոնք կցանկանան զարգացնել սերտ կապերը Ռուսաստանի և Հայաստանի միջև»,- եզրափակել է Կոշկինը։