Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 ավտոմեքենայի․ կա 57 տուժած

11 Նոյեմբերի 2026, 10:20

Միջազգային

Հարավային Կորեայի Սոննամ քաղաքում՝ Սեուլից հարավ, առավոտյան ավտոբուսը լուսացույցի մոտ բախվել է 32 ավտոմեքենայի։ Տուժել է 57 մարդ, նրանցից 9-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանությանն ու փրկարար ծառայություններին։

«Ռենհապ» գործակալության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 07:34-ի սահմաններում, Փունդան շրջանում։ 60-ամյա տղամարդու վարած թիվ 340 քաղաքային ավտոբուսը հերթով բախվել է չորս ավտոբուսի, մեկ բեռնատարի և 27 մարդատար ավտոմեքենայի, ապա մխրճվել ճանապարհի կենտրոնական բաժանարար արգելապատնեշի մեջ և կանգ առել։

YTN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել 9 մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։ Նախնական տվյալներով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Միևնույն ժամանակ, տուժածների թիվը կարող է աճել, քանի որ վթարի պահին ավտոբուսներում բազմաթիվ ուղևորներ են եղել։ Ավտոբուսը մոտ 100-150 մետր երկարությամբ ճանապարհահատվածում բախվել է մեքենաներին։ Վարորդը հայտնել է, որ ավտոբուսի արգելակները չեն գործել։ Ոստիկանությունը պարզում է վթարի ճշգրիտ պատճառներն ու հանգամանքները։