Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար կարևոր նշանակություն ունի՝ ՌԴ-ին հակազդելու տեսանկյունից․ Աննա Վելիկայա
24 Հունիսի 2026, 21:15
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Աննա Վելիկայան «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի շահերն ու նպատակները Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Փորձագետի խոսքով՝ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր ազդեցության գոտին Հարավային Կովկասում։
«Հարավային Կովկասը չափազանց կարևոր է ԱՄՆ-ի համար, քանի որ այստեղ կենտրոնացած են աշխարհառազմավարական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահեր։ Վաշինգտոնի համար կարևոր է այս տարածաշրջանը կապել թե՛ Մեծ Մերձավոր Արևելքի, թե՛ Հարավային Ասիայի հետ։ Այլ կերպ ասած՝ նրանք ցանկանում են այստեղ ամրապնդել իրենց ազդեցությունը՝ փաստացի սահմանափակելով ՌԴ-ի ներկայությունը տարածաշրջանում։
Հարավային Կովկասը ամերիկացիների համար կարևոր նշանակություն ունի հատկապես տարածաշրջանում ՌԴ-ի, ինչպես նաև Իրանի և, անշուշտ, Չինաստանի շահերին հակազդելու տեսանկյունից»,- նշել է Վելիկայան։